ՀՊՄՀ պատվիրակության այցը Բուդապեշտ

24.06.2026
ՀՊՄՀ պատվիրակության այցը Բուդապեշտ

Հունիսի 14-18-ը ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը և Համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ Արման Մարտիրոսյանը հյուրընկալվել էին Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում։

Այցը կազմակերպվել էր Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում։ Նպատակն էր մասնակցել համալսարանում գործող հայագիտական կրթական ծրագրի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ավարտական քննությունների հանձնաժողովի աշխատանքներին։

Այցի օրակարգում ներառված էին նաև աշխատանքային հանդիպումներ բուհի Միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցների, ինչպես նաև Հումանիտար ֆակուլտետի ղեկավար կազմի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին կրթական հաստատությունների միջև ակադեմիական և գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ ակադեմիական նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի վերաբերյալ։

Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Պազմանի կաթոլիկ համալսարանում գործող Հայագիտության ամբիոնի հիմնադրման 10-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ։

Էդգար Հովհաննիսյանը հայագիտության բաժնի ուսանողների համար հանդես եկավ նաև դասախոսությամբ՝ ներկայացնելով հայոց եկեղեցին, նրա նվիրապետական համակարգը և հայկական հոգևոր-կրոնական կառույցների գործունեությունը։