Ամփոփվեց ուսանող-դասախոս համատեղ հետազոտական նախագծերի մրցույթը
23.06.2026
Մանկավարժական համալսարանում ամփոփվեց «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրով ուսանող-դասախոս համատեղ հետազոտական նախագծերի մրցույթը։
Այն մեկնարկել էր ՀՀ-ում անցկացվող մեդիագրագիտության շաբաթվա ավարտից հետո՝ որպես իրականացված աշխատանքների շարունակություն և մեդիագրագիտության մշակույթի տարածման հերթական քայլ։ Մրցույթին մասնակցել են բուհի 8 ֆակուլտետներից ձևավորված 10 ուսանող-դասախոս խմբեր՝ ներկայացնելով մեդիագրագիտության, թվային միջավայրում պատասխանատու վարքագծի, տեղեկատվության վերլուծության, քննադատական մտածողության զարգացմանն ուղղված հետազոտական և ստեղծագործական աշխատանքներ։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը կարևորեց, որ ուսանողները նախագծի շրջանակում ոչ միայն ուսումնասիրել են մեդիագրագիտության խնդիրը, այլև փորձել դիտարկել տարբեր տեսանկյուններից՝ հարցազրույցների, հետազոտությունների, փոդքաստների, սոցիալական հոլովակների և այլ ձևաչափերի միջոցով։
Հանձնաժողովը, դիտարկելով բոլոր մասնակիցների տեսահոլովակներն ու ելույթները, ստեղծել էր նաև ամփոփիչ տեսանյութ, որտեղ ներառվել էին յուրաքանչյուր խմբի աշխատանքի առավել ուժեղ և առանձնահատուկ դրվագները՝ ներկայացնելով մասնակիցների գաղափարները, մոտեցումներն ու ստեղծագործական լուծումները։
Ինչպես նշեց ամբիոնի վարիչը՝ յուրաքանչյուր ենթանախագիծ ուներ իր առանձնահատուկ ուժեղ կողմը, ուղերձը, ներդրումը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց նախաձեռնության իրականացումը՝ ընդգծելով մեդիագրագիտության և պատասխանատու թվային քաղաքացիության արդիականությունը ժամանակակից թվային աշխարհում, որտեղ ձևավորվում են նոր իրավունքներ, պարտականություններ և հասարակական հարաբերություններ։
Լիլիթ Մկրտչյանը հատկապես կարևորեց նախագծային ուսուցման մեթոդի ընտրությունը՝ նշելով, որ այն ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերել, այլև գործնականում կիրառել դրանք, բացահայտել թեմայի ուժեղ և թույլ կողմերը, զարգացնել հետազոտական և վերլուծական հմտությունները։
«Լինելով մանկավարժական բուհ՝ մեզ համար կարևոր է, որ ուսանողները ոչ միայն ուսումնասիրեն թեման, այլև նախագծային աշխատանքի միջոցով փորձարկեն ու կիրառեն իրենց գիտելիքները, սովորեն աշխատել սովորողների հետ, փոխանցել արժեքներ և նպաստել քննադատական մտածողությամբ, մեդիագրագետ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը»,- նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նա նաև ընդգծեց համագործակցության կարևորությունը՝ նման նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և դրանց շարունակականության ապահովման տեսանկյունից։
Լիլիթ Մկրտչյանը, անդրադառնալով թեմայի արդիականությանը, ընդգծեց ՝ այսօր ամբողջ աշխարհը կանգնած է թվային միջավայրում ապրելու և գործելու նոր մարտահրավերների առջև․ «Կրթությունն այն հիմնական գործիքն է, որի միջոցով հնարավոր է նորարարությունը փոխանցել սովորողներին, պատրաստել նրանց ժամանակակից աշխարհի պահանջներին և ձևավորել պատասխանատու ու գիտակից քաղաքացիներ»։
Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ իրականացված ծրագրերի քանակով Հայաստանը եղել է առաջատարների շարքում՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ այդ գործընթացներում ներառված են եղել նաև Մանկավարժական համալսարանի նախաձեռնություններն ու ծրագրերը։
«Լավագույն կրթական միջավայրի ձևավորում», «Ամենաարդիական թվային ուղերձ», «Լավագույն հանրային հետազոություն», «Լավագույն կրթական փոդքաստ», «Համայնքային լավագույն մեդիա նախաձեռնություն», «Պատասխանատու թվային վարքագծի խթանման լավագույն նախաձեռնություն», Ուսանողական ուղերձի հանրայնացում»․ ներկայացված 7 անվանակարգում յուրքանչյուր թիմ արժանացավ հատուկ անվանակարգի, որն արտացոլում էր իր աշխատանքի ամենաուժեղ կողմը։
Մանկավարժության ամբիոնի դոցենտ, նախագծի համակարգող Լուսինե Պողոսյանը ևս կարևորեց նախաձեռնության իրականացումն ու դրա կրթական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն դարձավ համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ստեղծագործ աշխատանքի արդյունավետ հարթակ։
Ամփոփելով նախագիծը՝ նա նշեց, որ այն հնարավորություն տվեց տարբեր տարիքի և կրթական մակարդակի ուսանողների համախմբվել մեկ գաղափարի շուրջ, ձևավորել համագործակցային միջավայր և աշխատել ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ։
Վերջին հրապարակումներ
-
24.06.2026ՀՊՄՀ պատվիրակության այցը Բուդապեշտ
-
22.06.2026Մասնակցեցին ուսանողական գիտաժողովի