Կրթությունը և փիլիսոփայությունը՝ միջազգային գիտաժողովի առանցքում

26.06.2026
Կրթությունը և փիլիսոփայությունը՝ միջազգային գիտաժողովի առանցքում

ՀՊՄՀ-ում մեկնարկեց «Կրթությունը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված նշանավոր փիլիսոփա, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 100-ամյակին։

Այդ առիթով Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Հայաստանի և արտերկրի գիտական ու ակադեմիական հանրության ներկայացուցիչների, համալսարանների և գործընկեր կառույցների պատվիրակների, հետազոտողների, դասախոսների, ուսանողների, ինչպես նաև Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության (FISP) ղեկավար կազմի անդամների։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց գիտական ձեռնարկը որպես կրթության և փիլիսոփայության փոխհարաբերությունների վերաիմաստավորման, Գեորգ Բրուտյանի գիտական ժառանգության արժևորման կարևոր հարթակ։

Նրա խոսքով՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի գործունեությունը վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից՝ դառնալով համաշխարհային գիտական մշակույթի կարևոր մաս։

Անդրադառնալով Մանկավարժական համալսարանում Բրուտյանի գործունեությանը՝ Լիլիթ Մկրտչյանը առանձնահատուկ կարևորեց այն, որ ակադեմիկոսն իր հարուստ փորձն ու գիտական ներուժը կապել է բուհի հետ՝ ղեկավարելով իր հիմնադրած ինստիտուտը, որի ներկայությունն ու գործունեությունը կարևոր դեր են ունեցել համալսարանի գիտական կյանքի զարգացման գործում:

Նա խորհրդանշական համարեց գիտաժողովի խորագիրը հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է խորքային փոփոխությունների, տեխնոլոգիական վերափոխումների և արժեքային նոր մարտահրավերների առջև․ « Այսօր կրթությունն, առավել քան երբևէ, կարիք ունի փիլիսոփայական խորության, քննադատական մտածողության և պատասխանատու երկխոսության մշակույթի»,-նկատեց Լիլիթ Մկրտչյանը։

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, Մետափիլիսոփայության, փաստարկման և հայագիտության միջազգային ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը գիտաժողովը հնարավորություն համարեց վերարժևորելու ակադեմիկոս Բրուտյանի գիտական, փիլիսոփայական և կրթական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև քննարկելու ժամանակակից կրթության և փիլիսոփայական մտքի զարգացման միտումներն ու մարտահրավերները։

Պրոֆեսորի խոսքով՝ ներկաներից շատերի համար Գեորգ Բրուտյանը շարունակում է ներկա լինել իր գրքերով, գաղափարներով, ձևավորած գիտական դպրոցով և, ամենակարևորը, իր սաներով։

Ինչպես ընդգծեց Հասմիկ Հովհաննիսյանը, կրթության և փիլիսոփայության փոխկապակցվածության գաղափարը Բրուտյանի գիտական աշխարհայացքի առանցքային ուղղություններից էր․«Հնարավորը ունենալու համար պետք է ձգտել անհնարինին։ Սրանք Գեորգ Բրուտյանի խոսքերն են, որոնք այսօր նոր իմաստ են ստանում»,- նշեց նա։

Իր ելույթում Հասմիկ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև հայ փիլիսոփայական մտքի միջազգային ներկայության ընդլայնմանը՝ կարևորելով, որ գիտաժողովը համախմբել է միջազգային փիլիսոփայական հանրության ներկայացուցիչների, այդ թվում՝ FISP-ի ղեկավար կազմի անդամների՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և նոր համագործակցությունների ձևավորման կարևոր հարթակ։

Գիտաժողովի հիմնական զեկույցի շրջանակում նա ներկայացրեց նաև «Գեորգ Բրուտյան՝ հարյուր տարի անց. ժառանգություն և արդիականություն» թեման։
Գիտաժողովում հանդես եկան նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահության անդամ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուպյանը, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության փոխնախագահ Մարիա Բաղրամյանը և Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության նախկին նախագահ Լուկա Մարիա Սկարանտինոն։

Բանախոսներն անդրադարձան ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի հարուստ կենսագրությանը և բազմակողմանի գործունեությանը։ Մեկ անգամ ևս ընդգծվեց նրա անուրանալի ներդրումը հայ և համաշխարհային փիլիսոփայական մտքի զարգացման գործում՝ արժևորելով նրան որպես փիլիսոփայության ժամանակակից դասականներից և բարձրագույն կրթության ոլորտի երախտավորներից մեկի։

«Կրթությունը և փիլիսոփայությունը» խորագրով գիտաժողովի աշխատանքներն ընթացան 4 թեմատիկ ուղղություններով՝ փիլիսոփայություն, կրթություն, հոգեբանություն և սոցիոլոգիա։

Բանախոսություններով հանդես եկան Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության նախագահ Հիսուկ Կիմը, կազմակերպության նախկին նախագահ Լուկա Մարիա Սկարանտինոն և պատվավոր նախագահ Դերմոտ Մորանը։ Նրանք անդրադարձան փիլիսոփայության կրթական դերին, բարձրագույն կրթության արդիական խնդիրներին և փիլիսոփայական բազմազանության ընկալումներին։

Անցկացվեց նաև «Մշակութային ինքնության մարտահրավերները» խորագրով կլոր սեղան քննարկում։

Միջոցառման ընթացքում կրթության, փիլիսոփայության և միջազգային գիտական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հայոց փիլիսոփայական ակադեմիայի բարձրագույն պարգևով՝ «Դավիթ Անհաղթ» մեդալով պարգևատրվեցին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության նախագահ Հիսուկ Կիմը, կառույցի պատվավոր նախագահ Դերմոտ Մորանը, ինչպես նաև ղեկավարող խորհրդի անդամ Վիլհելմ Դանկանն ու գլխավոր քարտուղար Յակոբ Դալ Ռենդտորֆֆը։

«Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության փոխնախագահ, պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության նախկին նախագահ, պրոֆեսոր Լուկա Մարիա Սկարանտինոն և Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուպյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը։