ՀՊՄՀ-ն և Արևելագիտության ինստիտուտը կխորացնեն համագործակցությունը
29.06.2026
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է խորացնել երկու հաստատությունների համագործակցությունը կրթության և գիտության ոլորտներում՝ խթանելով համատեղ կրթական, գիտահետազոտական և ակադեմիական նախաձեռնությունների իրականացումը։
Գործակցությունը միտված է ստեղծելու նոր հնարավորություններ փորձի փոխանակման, միջգիտակարգային ծրագրերի զարգացման, ինչպես նաև մասնագիտական համայնքների միջև կապերի ընդլայնման համար։
Կողմերը համատեղ կիրականացնեն գիտահետազոտական ծրագրեր, սեմինարներ, հանրապետական և միջազգային գիտաժողովներ, ասպիրանտական թեզերի ղեկավարում և համահեղինակում, ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, դրամաշնորհային ծրագրեր և այլն։
Լիլիթ Մկրտչյանը համագործակցությունը կարևոր քայլ համարեց․ «Մանկավարժական համալսարանը մեր երկրում կարևոր առաքելություն իրականացնող բուհ է՝ որպես մանկավարժ պատրաստող առաջատար հաստատություն։ Կառույցը մշտապես կարևորում է համագործակցությունը գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների հետ․ կրթությունն առանց գիտության չի կարող զարգանալ, ինչպես նաև գիտությունը՝ առանց կրթության»,-նշեց նա։
Գոհար Իսկանդարյանը, ողջունելով համագործակցության մեկնարկը, նշեց, որ այն կնպաստի գիտակրթական համագործակցության ամրապնդմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը։
Նա Լիլիթ Մկրտչյանին փոխանցեց Արևելագիտության ինստիտուտի ընթացիկ տարվա հրատարակություններից մեկական օրինակ և նշեց, որ ամեն տարի ՀՊՄՀ գրադարանային ֆոնդը կհամարլվի նոր մասնագիտական գրականությամբ։
Հուշագրի կնքմանը հաջորդեց եգիպտահայ անվանի ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանին նվիրված միջազգային միջոցառում՝ «Երկու հայրենիքների միջև. Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով։
Ձեռնարկին ներկա էին նաև ՀՀ-ում Սիրիայի և Եգիպտոսի դեսպանները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործությունները, քննարկվեց նրա արվեստի և հասարակական գործունեության դերը մշակույթի միջոցով ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և հանրային դիվանագիտության զարգացման գործընթացներում։
Օրվա բանախոսներից էր նաև ՀՊՄՀ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Մելիքյանը։