- Մեդիա > Նորություններ >Գիտական երկխոսություն ՀՊՄՀ-ում․ ամփոփվեց ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
Գիտական երկխոսություն ՀՊՄՀ-ում․ ամփոփվեց ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
27.06.2026
«Կրթությունը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի երկրորդ օրը Մանկավարժական համալսարանում շարունակվեց մասնագիտական քննարկումներով և մասնաճյուղերի զուգահեռ աշխատանքներով։
Նշենք, որ «Կրթությունը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի, Մետափիլիսոփայության, փաստարկման և հայագիտության միջազգային ինստիտուտի, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության (FISP) նախաձեռնությամբ և բուհի գործընկեր՝ Ամերիաբանկ ՓԲԸ-ի աջակցությամբ։
«Մինչև 21-րդ դարի 20-ական թվականները Գեորգ Բրուտյանը Հայաստանի միակ փիլիսոփան էր, ով պարբերաբար մասնակցում էր Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության՝ FISP-ի համաշխարհային կոնգրեսներին։ Այսօր իրավիճակն այլ է․ 2023 թվականին Հայոց փիլիսոփայական ակադեմիան դարձավ FISP-ի անդամ, իսկ 2024 թվականին Հռոմում կայացած 25-րդ Համաշխարհային փիլիսոփայական կոնգրեսում Հայաստանն ունեցավ իր առանձին մասնաճյուղը, որտեղ զեկուցումներով հանդես եկավ Հայաստանի տասնմեկ փիլիսոփա»,- կարևորելով միջազգային ձեռնարկը՝ նշեց Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, Մետափիլիսոփայության, փաստարկման և հայագիտության միջազգային ինստիտուտի տնօրեն, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը։
Գիտաժողովի աշխատանքներն ընթացան 4 մասնաճյուղում՝ ներառելով փիլիսոփայության, մանկավարժության (կրթության), հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտները։
Քննարկումների առանցքում էին կրթության և փիլիսոփայական մտքի արդի զարգացումները, միջգիտակարգային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական փոփոխությունների պայմաններում կրթության նոր մարտահրավերներն ու հեռանկարները։
Փիլիսոփայության մասնաճյուղում մասնակիցները քննարկեցին կրթության մեջ փիլիսոփայական մտքի զարգացման արդի ուղղությունները՝ անդրադառնալով քննական, վերլուծական և ստեղծարար մտածողության ուսուցման մեթոդաբանությանը։
Զեկույցներում ներկայացվեցին կրթության փիլիսոփայական հիմքերը, տեղեկատվական հասարակության ազդեցությունը կրթական գործընթացների վրա, ինչպես նաև ժամանակակից գիտելիքի և արժեքների ձևավորման հարցերը։ Անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություններին կրթության ոլորտում և դրա ազդեցությանը ուսուցման որակի բարձրացման գործընթացում։
Կրթության, մանկավարժության ոլորտի քննարկումները ժամանակակից կրթության առանցքայի հարցերի շուրջ էին։ Մասնակիցները ներկայացրին զեկույցներ կրթական ռազմավարությունների, հանրակրթական համակարգի զարգացման, մեդիակրթության, կրթության կառավարման ժամանակակից մոդելների, ինչպես նաև կրթական միջավայրում արհեստական բանականության կիրառման հնարավորությունների վերաբերյալ։
Հոգեբանության ոլորտի մասնաճյուղում ներկայացված զեկույցներում բանախոսներն անդրադարձան կրթական միջավայրում մարդու վարքագծի, հոգեբանական աջակցության, կրթության կառավարման, ինքնության ձևավորման, սոցիալական և մասնագիտական զարգացման խնդիրներին։
Սոցիոլոգիայի ոլորտում ներկայացված զեկույցներում ընդգծվեց կրթական փոփոխությունների սոցիալական ազդեցությունը։ Քննարկեցին կրթական քաղաքականության, թվայնացման, սոցիալական գործընկերության, կրթական մոտիվացիայի, մասնագիտական ինքնիրացման և բուհական կրթության արդյունավետության հարցեր։
Երկօրյա աշխատանքների արդյունքների ամփոփմանը հաջորդեց գիտաժողովի ուղերձի ընդունումը, ըստ որի, ներկայացված զեկույցներն ու քննարկումները վերահաստատեցին, որ փոխակերպվող հասարակությունների, տեխնոլոգիական և սոցիալական արագ փոփոխությունների պայմաններում կրթական համակարգերը կանգնած են նոր հնարավորությունների և մարտահրավերների առջև։
Այս համատեքստում առանձնակի կարևորվեց կրթության հումանիստական արժեքների պահպանումը, քննադատական և ստեղծարար մտածողության զարգացումը, փիլիսոփայության դերի ամրապնդումը կրթության մեջ, ինչպես նաև արհեստական ինտելեկտի կիրառման էթիկական և մանկավարժական սկզբունքների մշակումը։
Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի գիտակրթական ժառանգությունը՝ ընդգծելով, որ այն շարունակում է նպաստել փաստարկման մշակույթի, տրամաբանության, քննադատական մտածողության և միջազգային գիտական երկխոսության զարգացմանը։
Գիտաժողովի հանդիսավոր փակմանը ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ամփոփեց երկօրյա ձեռնարկի արդյունքներն ու ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանում ձևավորվում են նոր ակադեմիական ավանդույթներ։
Նրա խոսքով՝ միջազգային գիտաժողովը կարելի է համարել իրական գիտատոն՝ միավորող տարբեր ոլորտների մասնագետների, հետազոտողների և գիտնականների։
Լիլիթ Մկրտչյանը նշեց՝ համալսարանը դարձել է գաղափարների ստեղծման և գիտական երկխոսության միջավայր, որտեղ ձևավորվում են կրթության և գիտության ոլորտներում նոր հարցադրումներ, որոնվում ու գտնվում են դրանց պատասխանները, որոնք իրենց հերթին հիմք են դառնում նոր գաղափարների և հետագա ուսումնասիրությունների համար։
Նա գիտաժողովը կարևորեց նաև միջազգային համագործակցության ընդլայնման, նոր գործընկերային կապերի ձևավորման, համատեղ նախաձեռնությունների իրականացման, մասնագիտական քննարկումների տեսանկյունից։
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ամփոփելով ձեռնարկը՝ այն կարևորեց մասնագիտական ներգրավվածության խթանման, գիտակրթական ոլորտում նորարարությունների տարածման, համագործակցության խորացման և գիտելիքի փոխանակման նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։
Ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։
Վերջին հրապարակումներ
-
24.06.2026ՀՊՄՀ պատվիրակության այցը Բուդապեշտ