- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին ChatGPT Edu-ի ներդրմանը նվիրված հանդիպումներին
ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին ChatGPT Edu-ի ներդրմանը նվիրված հանդիպումներին
30.06.2026
Մանկավարժական համալսարանի ղեկավար, դասախոսական, վարչական և տեխնիկական կազմի ներկայացուցիչները հունիսի 23-26-ը մասնակցեցին OpenAI ընկերության պատվիրակության աշխատանքային հանդիպումներին։
Հանդիպումները միտված էին ՀՀ բուհերում ChatGPT Edu հարթակի ներդրման գործնական քայլերին, բուհական համակարգի պատրաստվածությանը, ինստիտուցիոնալ դերերի բաշխմանը, տեխնիկական կարգավորումներին, վերապատրաստումների կազմակերպմանը, ինչպես նաև այն նոր հնարավորություններին, որոնք արհեստական բանականության անվտանգ և նպատակային կիրառումը կարող է բացել բարձրագույն կրթության, հետազոտության և ակադեմիական կառավարման համար։
Բուհերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը OpenAI-ի ներկայացուցիչները ներկայացրել են բարձրագույն կրթության համակարգում հարթակի փուլային ներդրման մոտեցումները, ծրագրի կառավարման կառուցվածքը, բուհերի ներգրավման ձևաչափերը և հաջողության հիմնական նախապայմանները։
Ինչպես ընդգծել են բանախոսները՝ ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական հասանելիության ապահովմամբ, այլև բուհերի ներսում հստակ պատասխանատվությունների բաշխմամբ, շարունակական հաղորդակցությամբ, վերապատրաստումներով և հետադարձ կապի հավաքագրմամբ։
OpenAI-ի ներկայացուցիչներն ընդգծել են նաև, որ ծրագրի հաջողությունը կախված է բուհերի ակտիվ ներգրավումից, հստակ կառավարման կառուցվածքից և ակադեմիական համայնքի հետ շարունակական աշխատանքից։
Ըստ ներկայացված մոտեցման՝ յուրաքանչյուր մասնակից բուհում անհրաժեշտ է ձևավորել ծրագրին աջակցող թիմ, ինչը թույլ կտա բուհերին ոչ միայն կազմակերպել հարթակի տեխնիկական հասանելիությունը, այլև ձևավորել դրա ճիշտ կիրառության մշակույթը․ ուսանողներն ու դասախոսները պետք է հստակ իմանան՝ ինչպես օգտվել հարթակից, ինչ նպատակներով այն կիրառել, ինչ սկզբունքներ և սահմանափակումներ հաշվի առնել, ինչպես նաև կիսվել հաջողված փորձով իրենց ակադեմիական համայնքների ներսում։
Քննարկվել է նաև հետադարձ կապի կարևորությունը․ բուհերի փորձը, կարիքներն ու դիտարկումները կարող են նպաստել ծրագրի շարունակական բարելավմանը և հայաստանյան կրթական միջավայրին առավել համապատասխան լուծումների ձևավորմանը։
Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր դասախոսների, վերապատրաստողների և ուսուցիչների հետ անցկացված աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր զարգացնել կրթական գործընթացում արհեստական բանականության՝ հատկապես agentic AI գործիքների կիրառման կարողությունները։
Քննարկման առանցքում ոչ միայն ChatGPT Edu և Codex հարթակների գործառնական հնարավորությունների ներկայացումն էր, այլև այն, թե ինչպես կարող են դասախոսներն ու վերապատրաստողները դրանք վերածել ուսուցման, հետազոտության, ուսումնական նյութերի մշակման և ուսանողների հետ աշխատանքում կիրառելի գործիքների։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները կստանան ChatGPT Edu և Codex հարթակների շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն։