35 երկիր՝ ՀՊՄՀ գիտական հարթակում
01.07.2026
Հունիսի 26-27-ը Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց փիլիսոփաների՝ ազգային և միջազգային փիլիսոփայական ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների աշխարհի 35 երկրից։
Մանկավարժական համալսարանում կայացած «Կրթությունը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովը բուհի գիտական կյանքի կարևոր իրադարձություններից էր և միավորեց տարբեր երկրների գիտական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների, ձևավորեց համագործակցության նոր հարթակներ։
Միջոցառմանը Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության (FISP) ներկայացուցիչներից բացի, մասնակցեցին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը, Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանորդ Թամարա Գամիլաղդիշվիլի-Գագուան, Հայաստանում Բելառուսի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։
Մասնակիցների աշխարհագրությունն ու մասնագիտական ընդգրկվածությունը գիտաժողովին հաղորդեցին միջազգային կարևոր հնչեղություն՝ հնարավորություն ստեղծելով գիտական երկխոսության և գործընկերային նոր կապերի ձևավորման համար։
Գիտաժողովը ՀՊՄՀ-ի համար դարձավ ոչ միայն ակադեմիական քննարկումների, այլև համալսարանի գիտական կյանքի վերակազմակերպման և վերաակտիվացման կարևոր խթան։
Ձևավորվեցին նոր գործընկերային կապեր ՀՊՄՀ-ի և մասնակից երկրների փիլիսոփայական ընկերությունների միջև, որոնք ներկայացված էին հենց այդ կառույցների ղեկավարների կողմից։
Այս համագործակցությունները կնպաստեն համալսարանի միջազգային ճանաչելիության ընդլայնմանը, հիմք ստեղծելով համատեղ գիտական նախաձեռնությունների, հետազոտական ծրագրերի և ակադեմիական նախագծերի իրականացման համար։
Գիտաժողովի կարևոր արդյունքներից էր նաև այն, որ Հայոց փիլիսոփայական ակադեմիան, որի կազմում ընդգրկված են ՀՊՄՀ-ի դասախոսներ և ուսանողներ, կունենա առանձին մասնաճյուղ «Փիլիսոփայություն՝ բաց երկխոսության հարթակ» («Philosophy: A Place for Open Dialogue») թեմայով XXVI Համաշխարհային փիլիսոփայական համաժողովում, որը կանցկացվի 2028 թվականի օգոստոսի 16-23-ը Տոկիոյում։
Սա հնարավորություն կընձեռի նաև ՀՓԱ-ի կազմում ընդգրկված ՀՊՄՀ ներկայացուցիչներին ներկայանալ համաշխարհային ակադեմիական հարթակում և իրենց մասնակցությամբ նպաստել հայկական գիտական մտքի միջազգային լսելիության բարձրացմանը։