ՀՊՄՀ-ում ավարտվել են ներբուհական ընդունելության քննությունները
07.07.2026
Հուլիսի 1-7-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեցին առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2026-2027 ուսումնական տարվա ներբուհական ընդունելության քննությունները։
Քննություններն անցկացվել են արվեստի ուղղվածության 11 կրթական ծրագրով՝ կերպարվեստից և երաժշտական կրթությունից մինչև պարարվեստ, ռեժիսուրա, օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն, հագուստի մոդելավորում և այլ մասնագիտություններ։
Այս տարի ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմել է 243 դիմորդ։ Երկու քննությունների արդյունքներով դրական շեմը հաղթահարել է նախնական տվյալներով 223 դիմորդ։ Առավել մեծ մրցակցություն է արձանագրվել «Պարարվեստ» և «Հագուստի մոդելավորում» կրթական ծրագրերում։
«Համալսարանում ներբուհական ընդունելության քննություններն անցկացվել են սահմանված կարգին համապատասխան։ Քննությունների ամբողջ ընթացքը հեռարձակվել է ուղիղ եթերով, ինչը ևս մեկ անգամ ապահովել է գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը»,- նշեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։