- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ ռազմավարական ծրագիրն ու կազմակերպչական գործընթացները՝ Հոգաբարձուների խորհրդի նիստում
ՀՊՄՀ ռազմավարական ծրագիրն ու կազմակերպչական գործընթացները՝ Հոգաբարձուների խորհրդի նիստում
07.07.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ Հոգաբարձուների խորհրդի նիստը։ Համալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
Նա խորհրդի անդամներին ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները, առաջնահերթ ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև դրա իրականացման համար նախատեսված գործողությունների կատարման մոտեցումները, հիմնարար սկզբունքները։
Լիլիթ Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց, որ նոր ռազմավարական ծրագիրը մշակվել է նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումների և բացթողումների համադրմամբ՝ նպատակ ունենալով ապահովել բուհի շարունակական զարգացումը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ամրապնդել կրթության որակը, խթանել գիտական գործունեությունն ու ընդլայնել միջազգային համագործակցությունը։
Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ ռազմավարական ծրագիրը համալսարանական լայն քննարկումների և համագործակցության արդյունք է, որը մշակվել է բազմափուլ և համակողմանի աշխատանքի արդյունքում՝ ներգրավելով համալսարանական համայնքին, ոլորտային մասնագետներին, շահակիցներին, արտասահմանյան, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի գործընկներին։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց ծրագրի հիմնական կառուցվածքը՝ ընդգծելով, որ այն հիմնված է համալսարանի առաքելության, տեսլականի և հիմնարար արժեքների վրա։
Հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ՝ անդրադառնալով առանձին դրույթների և հետագա կատարելագործման հնարավորություններին։
Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ համալսարանի զարգացման ռազմավարությունը նպատակահարմար է համալրել հստակ թիրախներով և արդյունքային ցուցանիշներով։ Նա նաև կարևորեց մասնագիտությունների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը և համալսարանում հետազոտական գործունեության հետագա զարգացումը։
Քննարկման արդյունքում Հոգաբարձուների խորհուրդն առաջարկեց համալսարանի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը վերջնականացնել՝ արտերկրի գործընկերների կարծիքները ստանալուց և ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները ներառելուց հետո, որից հետո այն կներկայացվի հաստատման։
Հոգաբարձուների խորհրդին ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց նաև համալսարանում իրականացվող կազմակերպչական գործընթացները։
Նա անդրադարձավ աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերին, թվային հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին և այլն։
Լիլիթ Մկրտչյանն առանձնահատուկ կարևորեց համալսարանում ներդրված կառավարման նոր մեխանիզմները՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, հաշվետվողականության համակարգեր, տվյալահեն որոշումների կայացման գործիքներ։
Ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց նաև համալսարանի կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունները. ֆակուլտետներում նախատեսվում է ստեղծել գրասենյակներ, որտեղ կաշխատեն ամբիոնների և դեկանատների մասնագետները։ Լիլիթ Մկրտչյանը հավելեց, որ Գիտական խորհուրդն արդեն հաստատել է համապատասխան ատեստավորման կարգը և պաշտոնի անձնագիրը։ Նա նշեց նաև, որ առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում նաև ամբիոնների կազմում։
Հոգաբարձուների խորհուրդը գրասենյակների ստեղծման նախաձեռնությունն ընդունեց ի գիտություն: