ՀՊՄՀ-ն ներկայացրել է «Էրազմուս+» ընթացիկ նախագծերը հանրայնացման համաժողովում

07.07.2026
ՀՊՄՀ-ն ներկայացրել է «Էրազմուս+» ընթացիկ նախագծերը հանրայնացման համաժողովում

Օրերս կայացել է «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի մասնակցությամբ իրականացվող նոր «Էրազմուս+» նախագծերից ակնկալվող արդյունքները, համագործակցության նոր հնարավորությունները և ծրագրերի բովանդակային ուղղությունները, ինչպես նաև խթանել տարբեր ոլորտների շահակիցների միջև համագործակցությունը։

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը, ինչպես նաև շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և նախագծերի կառավարման կենտրոնի աշխատակիցներ Աննա Հախումյանը, Գոհարիկ Տիգրանյանը և Արծրուն Պիվազյանը։

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի աջակցությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված և 2026 թվականից մեկնարկած «Էրազմուս+» նոր նախագծերը։

ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և նախագծերի կառավարման կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են համալսարանում ներկայումս իրականացվող երեք «Էրազմուս+» նախագիծ՝ «Ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման և որակի ապահովման ազգային առանցքային կատարողական ցուցանիշների շրջանակի մշակում Հայաստանում», «Փափուկ հմտությունների զարգացում Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» և «Սոցիալական հեռավորության և ներառական համալսարանական կրթության խթանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում»։

Ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծերի նպատակներին, արդեն իսկ արձանագրված արդյունքներին, ինչպես նաև դրանց նշանակությանը համալսարանի միջազգայնացման, կրթության որակի բարձրացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացում։

Մասնակիցների գնահատմամբ՝ համաժողովը կարևոր հարթակ էր փորձի և լավագույն փորձառությունների փոխանակման, գործընկերային կապերի ամրապնդման և նոր համատեղ նախաձեռնությունների ձևավորման համար։