Կայքը փորձարկման փուլում է։

Երդում, որ նաև պատգամ է, առաքելություն․․․

03.10.2025
Երդում, որ նաև պատգամ է, առաքելություն․․․

Մանկավարժական համալսարանի առկա բակալավրիատի շուրջ 700 առաջին կուրսեցի այսօր երդվեց հավատարիմ լինել ուսուցչի վեհ կոչմանը։

Երդմնառության հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

Կարևոր օրվա առթիվ ուսանողներին շնորհավորեց Ժաննա Անդրեասյանն ու նկատեց՝ ուղին, որ ընտրել են նրանք, ուղղակի մասնագիտություն ստանալու գործընթաց չէ, այլ մի ողջ առաքելություն, որ վստահ է՝ մեկնարկել են մեծ ոգևորությամբ, սրտացավությամբ և նվիրվածությամբ․«Մանկավարժական համալսարանում ստացած գիտելիքներով դուք ամեն օր ևս մեկ քար եք դնելու ձեր՝ լավ ուսուցիչ դառնալու ճանապարհին: Այն, ինչ կսովորեք այս տարիների ընթացքում, օգնելու է, որ հետո սովորեցնեք բազմաթիվ երեխաների և նպաստեք, որ մեր երկրի զարգացումը լինի շատ ավելի իրական, նյութական։ Ուսուցչի աշխատանքն ամենաբարդ և ամենածանր, բայց նաև ամենաշնորհակալ աշխատանքներից է․ մեկ այլ մասնագիտության պարագայում նման մեծ բերկրանք հնարավոր չէ ստանալ։ Այս մասնագիտությունն ու աշխատանքն ընտրելը վկայում է նաև ձեր մարդկային որակների և նվիրվածության մասին՝ որպես նաև մեր երկրի քաղաքացիներ»,- նշեց նախարարն ու շնորհակալություն հայտնեց ապագա ուսուցիչներին՝ մասնագիտության ճիշտ ընտրության համար։ Խոստացավ՝ համատեղ կաշխատեն, որ ստացած կրթությունը լինի ամենաորակյալն ու մրցունակը, նրանց դարձնելով լավագույն ուսուցիչները՝ մեր դպրոցների և մեր երեխաների համար։

Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ դժվարություններ կլինեն, սակայն հույս ունի, որ դրանք չեն հուսահատեցնի, չեն ընկճի, այլ կդարձնեն ավելի ուժեղ և մրցունակ․« Համոզված եմ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու եք ձեր դասախոսների, բուհի պրոֆեսիոնալ աշխատակազմի աջակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ լավագույն ուսանողական տարիներ՝ հետագայում լավագույն աշխատանքային տարիներ ունենալու ակնկալիքով»,- ամփոփեց ԿԳՄՍ նախարարը:

Նա կարևոր և խորհրդանշական համարեց նաև, որ երդման արարողությունն անցկացվում է Ուսուցչի միջազգային օրվա շրջանակներում՝ դարձնելով նրանց այդ մեծ համայնքի մի մասը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս շնորհավորեց աբովյանականներին և նկատեց՝ միջոցառման բովանդակությունն արտացոլում է Մանկավարժական համալսարանի գործունեության առօրյան, որի ներքո ձևավորվում են ուսանողների գիտելիքներն ու սոցիալ-մշակութային, հաղորդակցական հմտությունները 21-րդ դարի ուսուցչին ներկայացվող պահանջների համատեքստում։

Ռեկտորը վստահ է՝ առաջին կուրսեցիների հուզական հիշողության մակարդակում ամրապնդվելու են այսօրվա պատգամները, ջերմ խոսքերը, որը կշարունակվեն նաև լսարանային բաց դասերի և երկխոսության պայմաններում։

Նա հույս հայտնեց, որ ուսանողները կհամալրեն մեր դպրոցների ուսուցչական համակազմն այն մոդելով, որը որպես գերադրական արժեք կարևորված է կրթական և մասնագիտական գործունեությունը վավերացնելիս։

Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց նաև ծնողներին և մաղթեց, որ նրանց երեխաներն այստեղ մարմնավորված տեսնեն իրենց բոլոր երազանքները՝ ուսուցչի մոդելի իրենց տեսլականով պայմանավորված։

«Ուսուցչի մասնագիտությունը միայն գործ չէ․ այն կոչում է, ծառայություն՝ մարդուն ու հայրենիքին։ Ուսուցիչն է ձևավորում սերունդների մտածողությունը, կերտում ապագան, փոխանցում արժեքներ և ոգեշնչում դեպի բարին։ Այս նշանակալի օրը մեկ անգամ ևս վկայում է՝ կրթությունն է ամենամեծ հենասյունը՝ մեր մասնագիտական, անձնական ու հասարակական հաջողությունների գործում։ Թող ձեր երդումը լինի ոչ միայն հիշեցում, այլև առաջնորդող ուժ՝ ձեր մասնագիտական և անձնական կյանքում»,-շնորհավորելով առաջին կուրսեցիներին նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս Արուս Այվազյանն ու կրտրսեր ընկերներին վստահեցրեց՝ համալսարանական տարիները նրանց համար կլինեն որոնումների, բացահայտումների և մեծ ձեռքբերումների տարիներ։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը ևս շնորհավորեց հիշարժան և արդեն ավանդույթ դարձած օրվա առթիվ։ Նշեց՝ սա ամենակարևոր օրն է մանկավարժի մասնագիտությանը հավակնող յուրաքանչյուր ուսանողի համար։

Երկարամյա մանկավարժը հիշեցրեց՝ երդումը նաև մեծ խոստում է ու պատգամ՝ ապագայում բարձր պահելու այս մասնագիտության պատիվն ու լինելու հիանալի աբովյանական՝ մասնագիտական կրթություն ստանալու և ուսումնառության գործընթացում։

Գոհար Հովյանը համոզված է՝ տարիների հեռվից այս օրը դեռ երկար կմնա ուսանողների հիշողության մեջ, իսկ ապագայում էլ կհիշեցնի հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը։

«Երդվում եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին, հայոց վերքին և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու, որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին». այս տարի առաջին կուրսեցու նվիրական երդումն առաջինը հնչեցրեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանող Հովհաննես Խաչիբաբյանը։

Ուսանողական միջոցառումն ամփոփվեց ՀՊՄՀ ուսանողների մասնակցությամբ նոր ուսումնական տարին ազդարարող միասնական շուրջպարով։