- Մեդիա > Նորություններ >Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը
Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը
01.09.2026
Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, հարգելի՛ դասախոսներ, ուսուցիչներ, գործընկերներ և մեր մեծ կրթական ընտանիքի բոլոր անդամներ:
Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա սկիզբն է, բայց, ամենակարևորը՝ նոր հնարավորությունների սկիզբը։ Այսօր առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին կուրսեցիներին, ովքեր առաջին քայլն են անում դեպի մասնագիտական մեծ ճանապարհ, և ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի ու վարժարանի մեր աշակերտներին, հատկապես՝ 10-րդ դասարան ընդունվածներին, ովքեր այսօրվանից դառնում են մեր մեծ ընտանիքի նոր անդամները։
Սիրելի՛ սովորողներ, թող այս տարին ձեզ համար լինի ոչ միայն գիտելիք ամբարելու, այլև հմտություններ զարգացնելու, սեփական ուժերը բացահայտելու, հարցեր տալու, սխալվելուց չվախենալու և ձեր արժեքային աշխարհը ձևավորելու տարի։ Հիշե՛ք՝ կրթությունը միայն այն չէ, թե որքան գիտես․ կրթությունն այն է, թե ինչպիսի մարդ ես դառնում քո իմացածի շնորհիվ։ Մեր ուսուցիչներին և դասախոսներին մաղթում եմ նույն մեծ եռանդով շարունակել ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև ոգեշնչել, հավատ ներշնչել և վառել այն հետաքրքրությունը, որը սովորողին դարձնում է ինքնուրույն մտածող ու ստեղծագործ անհատ։ Իսկ մեր ամբողջ անձնակազմին՝ շնորհակալություն այն ամենի համար, ինչ հաճախ չի երևում, բայց առանց որի կրթությունը չի կայանա։ Ձեր աշխատանքով է ստեղծվում այն ապահով, բարեկեցիկ, արդյունավետ և մարդակենտրոն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր աշակերտ, ուսանող և աշխատակից կարող է բացահայտել իր ներուժն ու հասնել հաջողության։ Եվ թող այս ուսումնական տարվա մեր ընդհանուր կարգախոսը լինի՝ Սովորե՛լ՝ ավելին իմանալու համար, զարգանալ՝ ավելին կարողանալու համար, արժեքներ ձևավորել՝ ավելի լավ մարդ դառնալու համար, և միասին աշխատել՝ ավելի լավ ապագա կառուցելու համար։
Բարի՛ գալուստ նոր ուսումնական տարի։ Բարի՛ գալուստ մեր մեծ ընտանիք։
Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը։
Լիլիթ Մկրտչյան
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար