Գիտելիքի օրը տոնեցին նաև ՀՊՄՀ հիմնական դպրոցում

01.09.2026
Գիտելիքի օրը տոնեցին նաև ՀՊՄՀ հիմնական դպրոցում

Գիտելիքի և դպրության օրը տոնական ու ջերմ մթնոլորտ էր ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցում:

 

Այս ուսումնական տարում համալսարանական դպրոցը համալրվել է 52 աշակերտով՝ երկու առաջին դասարանով։ Դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 520 է։

 

Սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում կրկին տոնական եռուզեռ էր։ Օրվա խորհուրդը դպրոցականները ներկայացրին ինքնատիպ բեմադրությամբ՝ «Երթուղի №57» խորագրով։ Դպրոցականների «ավտոբուսը» կանգառ առավ Բարության, Ընկերության, Ազնվության և Հայրենասիրության կանգառներում՝ ճանապարհը շարունակելով մինչև վերջին՝ Գիտելիքի կանգառը։

 

Բեմադրության միջոցով աշակերտներն ընդգծեցին այն կարևոր արժեքները, որոնք դպրոցական կյանքի ընթացքում ուղեկցում են յուրաքանչյուրին և դառնում անհատի ձևավորման ու կայացման կարևոր հենասյուները։

 

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց աշակերտներին, ծնողներին և մանկավարժական ողջ անձնակազմին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Նա առաջին դասարանցիներին մաղթեց բարի ու հետաքրքիր ճանապարհ, իսկ բոլոր աշակերտներին՝ նոր գիտելիքներ, հաջողություններ և նպատակների իրականացում։

 

«Այս օրը ձեզնից յուրաքանչյուրի համար յուրահատուկ խորհուրդ ունի․ մեկի համար այն գիտելիքի աշխարհ մուտք գործելու առաջին քայլն է, մյուսի համար՝ դպրոցական կյանքի վերջին ուսումնական տարվա մեկնարկը։ Կարևոր է, որ այս դպրոցում կարողանաք իրականացնել ձեր նվիրական ցանկությունները, արդարացնել ուսուցիչների սպասելիքները և, ամենակարևորը, ապրեք խաղաղ երկնքի ներքո»,- նշեց Նաիրա Տողանյանը։