Դպրոց-բուհ նոր համագործակցություն

23.09.2026
Դպրոց-բուհ նոր համագործակցություն

Այսօր ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու Արգիշտի Առաջին արքայի անվան N 61 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով նպաստել կրթության որակի և ուսումնական գործընթացի զարգացմանը։

Կողմերը նախատեսում են իրականացնել համատեղ ծրագրեր ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև աջակցել սովորողների ուսումնառական և հետազոտական հմտությունների զարգացմանը։

Հուշագրով նախատեսվում է խթանել ԲՏՃՄ ոլորտի ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և նորարարական մեթոդների ներդրման հնարավորությունները, կազմակերպել համատեղ սեմինարներ, դասախոսություններ և նախագծային աշխատանքներ, ինչպես նաև իրականացնել հետազոտական և կրթական նախագծեր։

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց տարբեր ոլորտներում կրթական երկու հաստատությունների միջև ակտիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ բուհում ներկայումս իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակն է այդ թվում կատարելագործել պրակտիկայի կազմակերպման ձևաչափերը, բարձրացնել արդյունավետությունն ու առավել սերտ կապ ապահովել բուհի և դպրոցի միջև։

Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ դպրոցը պետք է երեխայի կյանքում կարևորագույն օղակ լինի՝ դառնալով երազանքների իրականացման և ստեղծագործելու միջավայր, որտեղ նա կկարողանա արարել և ստեղծել։

Անդրադառնալով կրթության զարգացման ժամանակակից պահանջներին՝ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ կյանքն ու աշխարհը շարունակաբար փոխվում են, և կրթական համակարգը պետք է կարողանա համահունչ արձագանքել այդ փոփոխություններին։

Նրա խոսքով՝ մրցունակ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է կարևորել ինքնակրթությունը, ինչպես նաև ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության փոխլրացնող հնարավորությունները․«Եթե ուզում ենք մրցունակ լինել, հաջողել և առաջ գնալ, պետք է սովորենք ամեն օր՝ շարունակաբար զարգացնելով մեր գիտելիքներն ու հմտությունները»,-ընդգծեց Լիլիթ Մկրտչյանը։

N 61 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով հաստատության ներուժն ու միասնական թիմի առկայությունը։ Նա վստահեցրեց, որ դպրոցը պատրաստ է ՀՊՄՀ-ի հետ համատեղ կյանքի կոչել նոր ծրագրեր և նախաձեռնություններ՝ համագործակցությունը դարձնելով գործնական ու արդյունավետ։