ՀՊՄՀ-ն և AIESEC-ը ստորագրեցին  համագործակցության հուշագիր

25.09.2026
ՀՊՄՀ-ն և AIESEC-ը ստորագրեցին  համագործակցության հուշագիր

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու AIESEC-ի նախագահ Ազատուհի Խաչատրյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով երկու կառույցների միջև համագործակցության հիմնական ուղղությունները։

 

Հուշագրի համաձայն՝ կողմերը կկազմակերպեն  ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրեր, համատեղ միջազգային նախաձեռնություններ, վերապատրաստման դասընթացներ և ուսանողների արտերկրյա փորձառություններ։

 

Համագործակցության շրջանակում նախատեսվում են նաև դասախոսությունների, սեմինարների, աշխատաժողովների և գիտաժողովների համատեղ կազմակերպում, ուսումնամեթոդական նյութերի և մասնագիտական գրականության փոխանակում։

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՊՄՀ ուսանողների՝ AIESEC-ի միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորություններին։

 

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց նոր համագործակցության ձևավորումը՝ ընդգծելով, որ դրա գլխավոր շահառուները համալսարանի ուսանողներն են։

 

«Ուրախ ենք, որ նոր համագործակցության և գաղափարի շուրջ ենք հավաքվել։ Որպես այս համագործակցության գլխավոր շահառուներ՝ դուք՝ ուսանողներդ, պետք է կարողանաք լիարժեք օգտվել թե համալսարանի, թե ձեր առջև բացվող հնարավորություններից։ Մեծ պատիվ և առաքելություն է լինել Մանկավարժական համալսարանի ուսանող։ Դուք պետք է ձեռք բերեք մեծ փորձառություն և կարողանաք դառնալ լավ մասնագետներ, մեր երկրի լավ քաղաքացիներ՝ նպաստելով նաև համալսարանի՝ Հայաստանում և աշխարհում իր արժանի տեղն ունենալուն»,-նշեց Լիլիթ Մկրտչյանը։

 

Նա հավելեց, որ հուշագիրը հնարավորություն կտա ուսանողներին ուսումնառությունը շարունակել աշխարհի տարբեր բուհերում, ձեռք բերել միջազգային փորձ, ծանոթանալ և վերլուծել տարբեր կրթական միջավայրեր ու մոտեցումներ, իսկ ամենակարևորը՝ վերադառնալ նոր գիտելիքներով և փորձով՝  դրանք տեղայնացնելով  Հայաստանում։

 

AIESEC-ի նախագահ Ազատուհի Խաչատրյանը ևս կարևորեց Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով գործընկերության շարունակականության և ուսանողների համար միջազգային նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։

 

ՀՊՄՀ-ում հյուրընկալված AIESEC-ի ներկայացուցիչները ներկայացրին  իրենց կառույցի գործունեությունը,  Global Volunteer, Global Teacher և Global Talent ծրագրերը, դրանց մասնակցության պայմաններն ու հնարավորությունները, միջազգային կամավորական ծրագրերը, արտերկրում մասնագիտական պրակտիկայի և դասավանդման հնարավորությունները, ինչպես նաև ծրագրերի մասնակցության ժամկետները, պայմանները, հնարավոր ծախսերն ու  դիմելու կարգը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձան նաև ՀՊՄՀ գործընկեր համալսարաններում «Էրազմուս+» փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություններին, որոնց վերաբերյալ ուսանողները հարցեր ուղղեցին AIESEC-ի ներկայացուցիչներին և ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակիցներին։