ՀՊՄՀ-ում կիրականացվի LPACTE-ACTE ծրագիրը
25.09.2026
Այսօր ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի ստորագրմամբ ազդարարվեց կառույցների համագործակցությամբ իրականացվող՝ ուսուցիչ վերապատրաստողների մասնագիտական զարգացմանն ուղղված LPACTE-ACTE ծրագրի մեկնարկը։ Նպատակն է համալսարանում ձևավորել համապատասխան գիտելիքներով և մասնագիտական կարողություններով օժտված ուսուցիչ վերապատրաստողների և ուսուցանողների խումբ։
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում ՀՊՄՀ-ից ընտրված 20 դասախոս առաջիկա ամիսներին հնարավորություն կունենա զարգացնելու մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ համագործակցային և մասնակիցակենտրոն ուսումնառության միջոցով։
Ծրագրի մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան ոչ միայն աջակցելու իրենց գործընկերների մասնագիտական զարգացմանը, այլև Հայաստանում ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացնել մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կզարգացնեն ուսումնական միջավայրի կառավարման, տարբեր մեթոդների և հմտությունների կիրառման, մասնակիցներին մոտիվացնելու և ուսումնառությանը նպաստելու կարողությունները։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց Բրիտանական խորհրդի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ նոր ծրագիրը կարող է դառնալ դասախոսների մասնագիտական շարունակական զարգացման կարևոր բաղադրիչ։
«Մենք Բրիտանական խորհրդի հետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր, և այս նախաձեռնությունից ակնկալիքները մեծ են։ Այն կարող է կարևոր ներդրում լինել մեր դասախոսների մասնագիտական շարունակական զարգացման գործընթացում՝ հնարավորություն տալով ուշադրություն դարձնել ժամանակակից կրթական մեթոդներին, նոր կարիքներին ու պահանջներին։ Շատ մեծ ակնկալիքներ ունեմ ձեզնից, սիրելի գործընկերներ։ Այն գիտելիքն ու փորձը, որը ձեռք կբերեք բրիտանացի գործընկերներից և փորձագետներից, կարևոր է փոխանցել նաև համալսարանի դասախոսներին ու ուսուցիչներին՝ ապահովելով շարունակական մասնագիտական զարգացում»,– նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Նա նաև ընդգծեց, որ Բրիտանական խորհրդի հետ մասնագիտական զարգացմանն ուղղված համագործակցությունը ներառում է փորձի փոխանակման, կլոր սեղանների, աշխատաժողովների և այլ ձևաչափերի նախաձեռնություններ։
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը ներկայացրեց կառույցի գործունեությունը՝ ընդգծելով կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի նշանակությունն ու ներդրումը։
Նրա խոսքով՝ LPACTE-ACTE ծրագիրը Բրիտանական խորհրդի կարևոր և նորարարական նախաձեռնություններից է, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին և ուսուցիչ վերապատրաստողներին ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու հմտություններ և կիրառել դրանք գործնականում։
«Վստահ եմ՝ ծրագրի ավարտին դուք մեծ փոփոխություններ կզգաք ձեր մտածողության, մոտեցումների և կարողությունների մեջ։ Ծրագիրը կրեդիտավորված է, և այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը, Բրիտանական խորհրդի կողմից կստանան միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում։
Նա Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունն ինքնանպատակ չհամարեց․ վերապատրաստումից հետո կունենան որակյալ ուսուցիչ վերապատրաստողներ, որոնք կկարողանան աջակցել Բրիտանական խորհրդին և կրթության ոլորտի գործընկերներին՝ Հայաստանում ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի իրականացման գործում, ինչպես նաև կունենան որակյալ վերապատրաստողներ, ովքեր կաշխատեն նաև ուսուցիչների հետ․«Լավ որակավորված վերապատրաստողներ ունենալ նշանակում է ունենալ լավ ուսուցիչներ, իսկ լավ ուսուցիչներն իրենց հերթին նպաստում են լավ աշակերտների և սովորողների ձևավորմանը։ Շատ կարևոր է, որ այս համագործակցությանը մոտենաք ամենայն լրջությամբ և գիտակցեք դրա կարևորությունը»,-նշեց Ադդե Հովասափյանը։