Ստացան նախադպրոցական մանկավարժի դասընթացի հավաստագրեր
25.09.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր հավաստագրեր հանձնեց «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտի շրջանակում մանկավարժի հավաստագրման դասընթացի երկրորդ փուլի մասնակիցներին։
Եռամսյա վերապատրաստման ծրագիրն իրականացվել է շարունակական ուսուցման ձևաչափով՝ համադրելով տեսական և գործնական բաղադրիչները։ Ծրագրի շրջանակում մասնակիցներն իրականացրել են ընթացիկ առաջադրանքներ, մեթոդական աշխատանքներ և անցել ամփոփիչ գնահատում։
Դասընթացը հաջողությամբ ավարտել է 102 մասնակից։ Վերապատրաստման ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել խորացնելու նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության վերաբերյալ գիտելիքները, զարգացնելու ուսումնամեթոդական հմտությունները և տեսական գիտելիքները կիրառելու գործնական աշխատանքում։
Շնորհավորելով մասնակիցներին՝ Լիլիթ Մկրտչյանը կարևորեց նրանց անցած մասնագիտական ճանապարհը՝ ընդգծելով, որ հավաստագրի ստացումը կյանքի կարևոր փուլի ավարտ և միաժամանակ նոր հնարավորությունների սկիզբ է։ Ուրախալի է նաև, որ մասնակիցներն իրենց մասնագիտական ճանապարհի հերթական փորձառությունն անցել են ՀՊՄՀ-ի հետ։
«Ուրախ եմ ձեր ներգրավվածության և ակտիվության համար, հատկապես, որ դուք հանրապետության բոլոր մարզերից եք։ Վստահ եմ՝ մեծ ներուժով եք վերադառնալու ձեր մարզեր և ձեր էներգիան ներդնելու եք համայնքների, ապագա սերնդի աճի, շարունակականության և զարգացման գործում։ Ձեզ խնդրում եմ ստեղծել այնպիսի ապահով ու անվտանգ միջավայր, որտեղ երեխաները կմեծանան անվախ, պաշտպանված ու հոգատար միջավայրում և կկարողանան կյանքի ճանապարհն անցնել հստակ ու հաստատակամ՝ հաջողելով իրենց կյանքում»,- նշեց Լիլիթ Մկրտչյանն ու հույս հայտնեց, որ վկայականը նոր հնարավորություններից բացի, հաջողություններ կբերի կամ ամրագրի նրանց դերն ու դիրքը, որն ունեն այս կյանքում։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Արմինե Մանուկյանը ևս կարևորեց ծրագրի արդյունքները՝ նշելով, որ մասնակիցների ստացած հավաստագրերը վկայում են վերապատրաստման ընթացքում ձեռք բերված հմտությունների և կարողությունների ձևավորման մասին։
Վերջին հրապարակումներ
-
25.09.2026
ՀՊՄՀ-ում կիրականացվի LPACTE-ACTE ծրագիրը