ՀՊՄՀ-ի բնապահպանական նախաձեռնությունը՝ COP17-ի շրջանակում
28.09.2026
COP17 բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում ՀՊՄՀ շուրջ 200 ուսանող և դասախոսական կազմի ներկայացուցիչներ սեպտեմբերի 26-ին մասնակցեցին բնապահպանական նախաձեռնության՝ Երևանյան լճի ափամերձ տարածքներն ու դրանց հարակից հատվածները կենցաղային աղբից մաքրելու նպատակով։
Նախաձեռնությունը համախմբել էր ՀՊՄՀ տարբեր ստորաբաժանումների և համալսարանական համայնքի ներկայացուցիչներին՝ բնապահպանական պատասխանատվությունը գործնականում ընդգծելու և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթը խթանելու նպատակով։
Շաբաթօրյակի ընթացքում համալսարանականները ոչ միայն մաքրեցին տարածքը, այլև ծանոթացան Երևանյան լճի կենսաբազմազանությանը։ Ուսանողները մասնագետների ուղեկցությամբ ուսումնասիրեցին լճում և հարակից տարածքներում հանդիպող թռչնատեսակները, երկկենցաղներին ու սողուններին՝ հնարավորություն ստանալով բնապահպանական գիտելիքները կիրառել իրական միջավայրում։
Միջոցառումը կարևորել էր նաև բնապահպանական կրթության և քաղաքացիական պատասխանատվության փոխկապակցվածությունը։ Շաբաթօրյակին մասնակցեցին նաև ՀՊՄՀ շրջանավարտներ և կամավորներ։ Ի դեպ, ուսանողների կամավորական աշխատանքը կներառվի կամավորության միավորների հաշվառման շրջանակում։
Շաբաթօրյակի կազմակերպմանն ու իրականացմանն աջակցել են Երևանի քաղաքապետարանը, Շենգավիթի համայնքապետարանը և «Սոլուտոն» կազմակերպությունը։
Ինչպես նշեցին մասնակիցները՝ COP17-ի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց բնապահպանական խնդիրների շուրջ հանրային իրազեկման, կրթության և գործնական մասնակցության կարևորությունը։
Վերջին հրապարակումներ
-
25.09.2026
ՀՊՄՀ-ում կիրականացվի LPACTE-ACTE ծրագիրը