ՀՊՄՀ-ում մեկնարկեց մանկավարժի հավաստագրման ծրագրի 9-րդ փուլը

28.09.2026
ՀՊՄՀ-ում մեկնարկեց մանկավարժի հավաստագրման ծրագրի 9-րդ փուլը

Այսօր ՀՊՄՀ-ում մեկնարկեց «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի դասընթացների 9-րդ փուլը։

Կրթական քառամսյա ծրագրի շրջանակում 14 առարկայի գծով կվերապատրաստվի շուրջ 84 մասնակից։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց մասնագիտական նոր ճանապարհ սկսելու նրանց որոշումը․«Ուրախ եմ, որ այս փուլում ևս մեծ թվով մասնակիցներ ցանկություն են հայտնել ձեռք բերել մանկավարժի որակավորում և իրենց մասնագիտական գործունեությունը շարունակել դպրոցներում։ Մանկավարժական համալսարանի տեսլականի և առաքելությանը համապատասխան՝ մեզ հետ եք անցնելու ձեր կյանքի կարևոր փորձառության այս փուլը»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։

Նա ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանի համար մասնակիցների հետ համագործակցությունը չի ավարտվում դասընթացով․բուհը պատրաստ է շարունակել մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն տրամադրել՝ պահպանելով կապը կրթության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների հետ․«Որպես մանկավարժական համալսարան՝ մենք ոչ միայն պատրաստում են մասնագետների, այլև շարունակում ենք քայլել նրանց հետ՝ աջակցելով, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով։ Այս գործընթացը կարևոր է երկուստք․ ձեր կարիքների, պահանջների և փորձառության մասին հետադարձ կապը մեզ հնարավորություն է տալիս վերարժևորել մեր աշխատանքն ու նոր բովանդակություն փոխանցել ձեզ»,- նշեց նա։

Լիլիթ Մկրտչյանը մասնակիցներին հորդորեց դասընթացների ընթացքում առավելագույնս օգտագործել մասնագիտական զարգացման հնարավորությունները՝ կարևորելով գիտելիքի, հմտությունների, դիրքորոշման և արժեհամակարգի համադրությունը։ Ըստ նրա, գործընթացն առաջին հերթին դպրոցի և աշակերտների համար է՝ գիտելիքով ու հմտություններով օժտված ՀՀ ներկա և ապագա քաղաքացիների կրթված սերունդ ձևավորելու նպատակով։

Նա կարևորեց նաև ծրագրի մասնակիցների միջև մասնագիտական կապերի և համագործակցության ձևավորումը՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքի ստեղծումն ու միմյանց փորձի փոխանակումը կարևոր են մասնագիտական զարգացման և հետագա աշխատանքի ընթացքում։

ՀՊՄՀ ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը տեղեկացրեց, որ ծրագրի նախորդ 9 շրջափուլի ընթացքում ծրագրի շահառուների թիվը շուրջ 450 է։

Նրա խոսքով՝ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցների գերակշռող մասն այսօր իր մասնագիտական գործունեությունը շարունակում է դպրոցներում․« Հուսով եմ՝ այս դասընթացի մասնակիցները ևս կմիանան մեր նախորդ մասնակիցներին և իրենց մասնագիտական գործունեությունը կշարունակեն դպրոցում»,- նշեց Նաիրա Սաֆարյանը։

Նա կարևորեց նաև Մանկավարժական համալսարանի և ծրագրի մասնակիցների միջև ձևավորվող շարունակական կապը՝ ընդգծելով, որ բուհի համար կարևոր է ոչ միայն դասընթացների արդյունավետ կազմակերպումը, այլև հետագա համագործակցությունը։

Նշենք, որ այսօր հավաստագրեր ստացան նաև ծրագրի նախորդ՝ 8-րդ փուլում ուսումնառությունն ավարտած մասնակիցները։