ՀՊՄՀ-ում էր ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը
29.09.2026
Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը ողջունեց հյուրին, շնորհավորեց ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և կարևորեց նրա այցը Հայաստան և Մանկավարժական համալսարան։
«Մեզ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ Մանկավարժական համալսարանում։ Հատկանշական է, որ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ձեր առաջին պաշտոնական այցի երկիրը Հայաստանն է, և ուրախ ենք, որ այցի շրջանակում Դուք այցելում եք նաև մեր համալսարան»,-նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Նա ներկայացրեց ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող Մանկավարժական համալսարանը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի միակ մասնագիտացված բուհն է, որը մանկավարժներ է պատրաստում տարբեր ուղղություններով։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորեց համալսարանի հետազոտական ուղղությունը՝ նշելով, որ կրթական գործընթացին զուգահեռ ՀՊՄՀ-ում իրականացվում են բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքներ։
Այս համատեքստում Լիլիթ Մկրտչյանն առանձնացրեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը, որտեղ տարբեր մասնագետներ համատեղ ուսումնասիրում են շախմատի՝ կրթական գործընթացում կիրառման հնարավորությունները, դրա ազդեցությունը սովորողների զարգացման վրա և ոլորտին առնչվող այլ հարցեր։
«Հայաստանում շախմատը դպրոցում դասավանդելու ուղղությամբ ձևավորվել են լավ ավանդույթներ և տարիների ընթացքում կուտակվել է մեծ փորձ։ Մանկավարժական համալսարանն ունի շախմատի դպրոցական կրթության, դրա մեթոդաբանության և ազդեցության ուսումնասիրման բավականին մեծ փորձառություն։ Ուրախ կլինենք շարունակական և արդյունավետ համագործակցության համար։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը և առաջիկա «Շախմատային կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովը մեզ հնարավորություն կտան նոր գաղափարներ ձևավորելու, քննարկելու համագործակցության հնարավոր ուղղությունները և համատեղ հետագա ծրագրեր մշակելու»,-նշեց Լիլիթ Մկրտչյանը։
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը, անդրադառնալով Հայաստանի փորձին, կարևորեց շախմատի՝ որպես կրթական գործընթացի բաղադրիչի ներդրման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները․«Շախմատը ձեր երկրում բոլորովին այլ մակարդակի վրա է։ Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրելու ձեր լավագույն փորձը, քանի որ նման փորձ, կարծում եմ, աշխարհի որևէ այլ երկրում չկա։Պատահական չէ, որ մեր աշխատանքային հանդիպումները սկսում ենք հենց այստեղից։ Ուրախ կլինենք համագործակցելու, ուսումնասիրելու և կիրառելու ձեր կուտակած փորձը, որպեսզի հետագայում կարողանանք ընդլայնել այդ աշխատանքների մասշտաբը և հաջողված փորձը կիրառել նաև այլ երկրներում»,-նշեց Թիմուր Տուրլովը։
Նրա խոսքով՝ շախմատի զարգացումը, հատկապես կրթության ոլորտում դրա կիրառման ընդլայնումը, իր գործունեության կարևոր ուղղություններից է։
Թիմուր Տուրլովը նշեց, որ երկու տարի առաջ հիմնադրել է Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիան՝ նպատակ ունենալով նպաստել շախմատի զարգացմանը ամբողջ աշխարհում և, առաջին հերթին, կրթության ոլորտում։ Նրա խոսքով՝ շախմատը կարող է արդյունավետ գործիք լինել երեխաների զարգացման համար՝ նպաստելով նրանց տարբեր հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։
Այցի շրջանակում ՖԻԴԵ-ի նախագահը հանդիպում ունեցավ նաև ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին շախմատի զարգացման, կրթական ծրագրերի կատարելագործման, շախմատի դպրոցական կրթության մեջ կիրառման, հետազոտական աշխատանքների և միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Թիմուր Տուրլովը ծանոթացավ ինստիտուտի իրականացրած սոցիոլոգիական ուսումնասիրություններին, հանրակրթության ոլորտում շախմատի ներդրման հայկական փորձին, կատարված հետազոտություններին և առաջիկա ծրագրերին։
ՀՊՄՀ Գիտության հարցերով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը կարևորեց Թիմուր Տուրլովի այցը համալսարան և շախմատի զարգացման ուղղությամբ համագործակցության նոր հնարավորությունների ձևավորումը։
ՀՊՄՀ Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը մեծ պատիվ համարեց Թիմուր Տուրլովի այցը Մանկավարժական համալսարան և ներկայացրեց բուհում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմը, գործունեությունն ու հիմնական ուղղությունները։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրեց իրականացված հետազոտությունների արդյունքները՝ անդրադառնալով շախմատի դասավանդման ազդեցությանը և արդյունավետությանը, իսկ ինստիտուտի մասնագետները՝ սոցիոլոգիայի, հոգեբանության, մեթոդիկայի և հատուկ մանկավարժության ոլորտներում իրականացվող աշխատանքները, կատարված հետազոտությունների արդյունքներն ու նախատեսվող ծրագրերը։