- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ-ում մեկնարկեց ընթերցանության գրագիտության զարգացմանն ուղղված միջազգային համաժողով
ՀՊՄՀ-ում մեկնարկեց ընթերցանության գրագիտության զարգացմանն ուղղված միջազգային համաժողով
29.09.2026
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Ընթերցանության հմտությունների զարգացում՝ տեղեկատվության ընկալման և վերլուծության ինտեգրված մեթոդների միջոցով․ արդյունքներ, ազդեցություն և փոխանցելիություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։
Միջազգային «Վիշեգրադ» հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող և Սլովակիայի Նիտրայի Կոնստանտին Փիլիսոփայի համալսարանի ղեկավարությամբ գործող կոնսորցիումի կողմից իրականացվող ծրագիրը միավորում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Հայաստանի գործընկեր հաստատությունները, այդ թվում՝ Լեհաստանի Բելսկո-Բյալայի համալսարանը, Չեխիայի Պրահայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանը, Հունգարիայի Էստերհազի կաթոլիկ համալսարանը, Ալբանիայի «Ալեքսանդր Մոիսիու» Դուրրեշի համալսարանը և ՀՊՄՀ-ն։
Ծրագրի նպատակն է տեղեկատվության ընկալման և վերլուծության ինտեգրված մեթոդների կիրառմամբ զարգացնել սովորողների ընթերցանության գրագիտությունը և տեղեկատվության մշակման հմտությունները՝ նպաստելով հավաստի և կեղծ տեղեկատվության տարբերակմանը, տեղեկատվության քննադատական վերլուծությանը, մեկնաբանմանը և գնահատմանը՝ ինչպես օտար, այնպես էլ մայրենի լեզուներով։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով համալսարանում նման միջազգային մասնագիտական քննարկման անցկացումը։
Նա ընդգծեց ընթերցանության գրագիտության և տեղեկատվության քննադատական մշակման հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ ժամանակակից թվային միջավայրում սովորողները պետք է կարողանան ոչ միայն ընկալել տեղեկատվությունը, այլև վերլուծել, գնահատել և տարբերակել հավաստի տեղեկությունը կեղծից։
Լիլիթ Մկրտչյանն առանձնացրեց նաև ծրագրի շրջանակում ուսուցիչների վերապատրաստման և ձեռք բերված փորձը դպրոցներում կիրառելու կարևորությունը. «Մասնագիտացված վերապատրաստումների և սեմինարների միջոցով դասավանդողները հնարավորություն կունենան նոր մոտեցումները ներդնել դպրոցներում և գնահատել դրանց կիրառման արդյունքները։ Մենք ապրում ենք տեղեկատվության աննախադեպ արագության և ծավալի դարաշրջանում։ Այսօր սովորողները գործում են թվային միջավայրերում, որտեղ անհրաժեշտ է արագորեն հասկանալ, վերլուծել և համադրել տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը։ Հետևաբար, մեր խնդիրն է նրանց զինել այնպիսի հմտություններով, որոնք ընթերցանությունը կվերածեն խորքային ըմբռնման, իսկ տեղեկատվությունը՝ իմաստալից գիտելիքի»,-նշեց նա։
Ծրագիրը հիմնված է նախորդ երկու ազգային հետազոտական նախագծերի՝ APVV-ի և VEGA-ի արդյունքների վրա, որոնց շրջանակում բացահայտվել են ընթերցանության գրագիտության զարգացման հիմնական կանխորոշիչները։ Նախագծի շրջանակում մշակվել է նաև «Ընթերցանության գրագիտության միջամտված զարգացման ծրագիրը», որի ուսումնական նյութերի կիրառելիությունն ու արդյունավետությունը քննարկվում են համաժողովի ընթացքում։
Ներկայացվեցին ծրագրի արդյունքները, ազդեցությունն ու փոխանցելիության հնարավորությունները։ Զեկույցներով հանդես եկան Հայաստանի և գործընկեր երկրների մասնագետներն ու հետազոտողները։
Համաժողովի առաջին օրը «Ընթերցանությունը՝ ընկալողական հմտությունների» թեմայով զեկույցով հանդես եկան Նիտրայի Կոնստանտին Փիլիսոփայի անվան համալսարանի ներկայացուցիչներ Զդենկա Գադուշովան և Եվա Ստրանովսկան։ «Ընթերցանությունը՝ ընկալողական հմտությունների սահմաններից այն կողմ» թեմային անդրադարձավ ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։
Ծրագրի կիրառման և փորձարկման արդյունքները, այդ թվում՝ ուսանողների փորձն ու արձագանքները, ներկայացրին Դուրրեշի «Ալեքսանդր Մոիսիու» համալսարանի Օտար լեզուների ամբիոնի վարիչ Անիտա Մուհոն և ՀՊՄՀ Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մանանա Դալալյանը։
Ընթերցանության միջոցով քննադատական մտածողության զարգացման թեմային անդրադարձավ Նիտրայի Կոնստանտին Փիլիսոփայի անվան համալսարանի ներկայացուցիչ Իվանա Պուլիկովան։
Համաժողովի առաջին օրվա աշխատանքը շարունակվեց Հայաստանի լավագույն փորձի ներկայացմամբ՝ ապագա ուսուցիչների տեսակետների, խորհրդածությունների և եզրակացությունների քննարկմամբ։