Քննարկվեցին ընթերցանության գրագիտության զարգացման և փորձի փոխանցելիության հնարավորությունները

30.09.2026
Քննարկվեցին ընթերցանության գրագիտության զարգացման և փորձի փոխանցելիության հնարավորությունները

Մանկավարժական համալսարանում ամփոփվեց «Ընթերցանության հմտությունների զարգացում՝ տեղեկատվության ընկալման և վերլուծության ինտեգրված մեթոդների միջոցով․ արդյունքներ, ազդեցություն և փոխանցելիություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։

 

Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր ընթերցանության գրագիտության, տեղեկատվության ընկալման ու մշակման հմտությունների զարգացմանը, ինչպես նաև սովորողների՝ տեղեկատվությունը քննադատաբար վերլուծելու, մեկնաբանելու և գնահատելու կարողությունների ձևավորման մեթոդների ու փորձի ներկայացմանը։

 

Քննարկվեցին ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով սովորողների ընթերցանության և լսողական ըմբռնման զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նիտրայի Կոնստանտին Փիլիսոփայի անվան համալսարանի ներկայացուցիչ Իվան Հարինգան ներկայացրեց «Պոդքաստներ և երկիմաստության նկատմամբ հանդուրժողականությունը լսողական ըմբռնման զարգացման գործում» թեման՝ անդրադառնալով լսողական նյութերի կիրառման հնարավորություններին և սովորողների համապատասխան հմտությունների զարգացմանը։

 

Համաժողովի ծրագրում ներառված էին նաև գործնական ձևաչափով կազմակերպված ցանցային սեմինարներ։ Դրանց շրջանակում խմբային աշխատանքներ իրականացվեցին մանկավարժական պրակտիկայի ցանցի ուսուցիչների հետ՝ հնարավորություն տալով մասնակիցներին քննարկել փորձը, փոխանակվել կիրառական գաղափարներով և անդրադառնալ դասավանդման ընթացքում ընթերցանության հմտությունների զարգացման արդյունավետ մոտեցումներին։

 

Առանձին գործնական սեմինարի ընթացքում ներկայացվեցին հայերեն ուսումնական նյութերի կիրառմամբ ընթերցանության ըմբռնման միջամտության ծրագրի հետագա գործունեության և փոխանցելիության հնարավորությունները։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են ծրագրի շրջանակում մշակած մոտեցումները ինտեգրել դասավանդման առօրյա պրակտիկայում և կիրառել տարբեր կրթական միջավայրերում։

 

Միջոցառման եզրափակիչ հատվածը շարունակվեց ցանցային համագործակցության և ոչ պաշտոնական քննարկումների ձևաչափով՝ մասնակիցներին հնարավորություն տալով ամրապնդել մասնագիտական կապերը, փոխանակել փորձն ու գաղափարները, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։