- Մեդիա > Նորություններ >Շնորհավոր Ուսուցչի օրը
Շնորհավոր Ուսուցչի օրը
05.10.2026
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցչի առաքելությունը երբեք չի սահմանափակվել միայն գիտելիք փոխանցելով։ Ուսուցիչը ձևավորում է մտածողություն, արժեհամակարգ և քաղաքացիական պատասխանատվություն, օգնում է սովորողին բացահայտել սեփական հնարավորությունները, հավատալ իր ուժերին և գտնել իր տեղը հասարակության մեջ։ Յուրաքանչյուր սերնդի կրթության և դաստիարակության միջոցով ուսուցիչը մասնակցում է երկրի ապագայի ձևավորմանը։
Այսօր, երբ կրթական համակարգը կանգնած է նոր մարտահրավերների և վերափոխումների առջև, առավել քան երբևէ կարևորվում են ուսուցչի մասնագիտական կարողությունները, ստեղծագործական մտածողությունը, շարունակական զարգացման պատրաստակամությունն ու մարդկային արժեքների նկատմամբ նվիրվածությունը։
Այսօր, ուսուցչի առաքելությունը ոչ միայն չի նվազում, այլև դառնում է առավել կարևոր ու պատասխանատու։ Յուրաքանչյուրիս կյանքում, կա ուսուցիչ, որի խոսքը, վերաբերմունքը կամ տված գիտելիքը դարձել է կարևոր հենարան և շարունակել է ուղեկցել մեզ կյանքի տարբեր փուլերում։ Այդ ազդեցությունն է, որ ուսուցչի աշխատանքը դարձնում է երկարաժամկետ և խորքային։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի համար ուսուցչի մասնագիտական ու մարդկային կերպարի ձևավորումը ոչ միայն կրթական, այլև ազգային նշանակության առաքելություն է։ Մենք խորապես գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ պատրաստելու այնպիսի մանկավարժների, որոնք կկարողանան կրթել ազատ մտածող, արժանապատիվ, պատասխանատու և մրցունակ սերունդ։
Բուհը մեկ դարից ավելի առանձնահատուկ դեր ունի Հայաստանի կրթական համակարգի զարգացման գործում՝ լինելով ուսուցչի և մանկավարժական կադրերի պատրաստման, մանկավարժական մտքի, կրթական հետազոտությունների և նորարարությունների կարևոր կենտրոն։ Համալսարանի առաքելությունը միայն ապագա ուսուցիչների մասնագիտական պատրաստումը չէ․ այն նաև կրթության զարգացման օրակարգի ձևավորումը, մանկավարժական արժեքների և մասնագիտական մշակույթի փոխանցումը, կրթության որակի շարունակական բարելավմանն ու ժամանակակից դպրոցի զարգացմանը նպաստելը։
Միևնույն ժամանակ, անփոփոխ է մնում կրթության կարևորագույն առաքելություններից մեկը՝ ձևավորել գիտակից, արժեհամակարգ ունեցող և իր երկրի ու հասարակության նկատմամբ պատասխանատվություն կրող քաղաքացիներ։ Այս տոնական օրը երախտագիտությամբ ենք արժևորում բոլոր այն ուսուցիչների աշխատանքը, որոնք ամեն օր իրենց գիտելիքով, նվիրումով և օրինակով փոխում են երեխաների ու երիտասարդների կյանքը։ Ձեր աշխատանքը հաճախ չի ունենում ակնթարթային արդյունք, սակայն դրա ազդեցությունը կարող է ուղեկցել մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։
Մաղթում եմ ձեզ մասնագիտական ձեռքբերումներ, ստեղծագործական ուժ և ձեր աշխատանքի արժանի գնահատանք։ Թող ձեր յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը դառնա ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականը, իսկ ձեր թողած հետքը՝ նրանց կյանքի լուսավոր և կարևոր հիշողություններից մեկը։
Շնորհավոր Ուսուցչի օրը։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյան
Վերջին հրապարակումներ
-
05.10.2026
ՀՊՄՀ-ում էին Հունգարիայի ներկայացուցիչները