Ուսուցչի օրը՝ ապագա մանկավարժների երդման խորհրդով

05.10.2026
Ուսուցչի օրը՝ ապագա մանկավարժների երդման խորհրդով

Ուսուցչի օրը Մանկավարժական համալսարանում այս տարի առանձնահատուկ խորհուրդ ուներ․ մասնագիտական տոնը համընկավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողության հետ։

104-ամյա բուհի նոր սերնդի ուսանողներն այս օրը ստանձնեցին իրենց մասնագիտական ճանապարհի առաջին կարևոր պատասխանատվությունը՝ երդվելով արժանիորեն շարունակել մանկավարժի առաքելությունն ու կրել Մանկավարժական համալսարանի արժեքներն ու ավանդույթները։

Առաջին կուրսեցիներին շնորհավորեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ընդգծելով օրվա խորհուրդը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց դասախոսներին՝ ուսուցչի բարձր կոչումն ու պատիվը արժանիորեն պահելու, իրենց գիտելիքն ու փորձը ուսանողներին փոխանցելու համար․ «Ուսուցիչն ամենակարևոր մարդկանցից մեկն է, որովհետև նրա ձեռքերում է թրծվում այսօրվա սերունդը՝ մեր պետության ապագա քաղաքացին։ Սիրելի առաջին կուրսեցիներ, այսօրվանից դուք ստանձնում եք պարտավորություն՝ սովորելու, կրթվելու և դառնալու մարդու այն տեսակը, որի արժեքների կրողն է Մանկավարժական համալսարանը։ Եղեք ստեղծագործ, նախաձեռնող և բարձր պատասխանատվությամբ։ Եղեք այս մեծ ավանդույթի կրողը, բարձր պահեք Մանկավարժականի անունը և տարիներ անց կրկին վերադարձեք համալսարան՝ մտածելով, թե ինչ ներդրում կարող եք ունենալ ձեր բուհի զարգացման գործում»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարն ու ուսանողներին մաղթեց բարի ճանապարհ և արժանապատիվ ընթացք։

Երդման արարողության խորհուրդն ընդգծեց նաև ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը։

«Բոլոր ժամանակներում դպրության լույսը սիրո և ակնածանքի առարկա է եղել, սիրո և ակնածանքի առարկա է եղել նաև ուսուցիչը։ Նրան վստահել են և հավատացել։ Ուսուցիչն է կապել ժամանակներն ու այսօրվա էստաֆետը փոխանցել գալիքին։ Այսօր կրկնակի տոն է Մանկավարժական համալսարանում՝ Ուսուցչի օրը և երդման արարողությունը», - նշեց Աշոտ Գալստյանը։

Խորհրդանշական էր, որ 104-ամյա Մանկավարժական համալսարանի ուսանողների երդման արարողությանը ներկա էին Երևանի Վարդան Արևելցու անվան N 104 հիմնական դպրոցի աշակերտները՝ տնօրեն, ՀՊՄՀ շրջանավարտ և Մանկավարժության ամբիոնի դասախոս Նաիրա Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Նաիրա Մարտիրոսյանը, անդրադառնալով իր մասնագիտական ճանապարհին, նշեց․«Դժվար է լինել ուսուցիչ։ Դա պարզապես մասնագիտություն չէ, այլ կոչում, և մենք պետք է հավատարիմ մնանք այդ կոչմանը, որովհետև հենց մենք ենք կերտում վաղվա ապագան։ Ուսուցչի խոսքը երեխային ուժ է տալիս, վերաբերմունքը՝ պաշտպանվածության զգացում, իսկ վստահությունը՝ հետագայում սեփական կյանքը կառուցելու հնարավորություն»,-նշեց նա ու ապագա ուսուցիչներին խորհուրդ տվեց՝ կհաջողեք, եթե ձեր ուղենիշը դարձնեք սերը երեխայի, մասնագիտության, գիտելիքի և աշխատանքի նկատմամբ։

Երդման հանդիսավոր տեքստն այս տարի ընթերցեց Կուլտուրայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արինե Գրիգորյանը։

Ապագա մանկավարժները երդվեցին հավատարիմ մնալ իրենց ընտրած մասնագիտությանը, արժանիորեն շարունակել հայ դպրության և մանկավարժության ավանդույթները, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ և դրանք ծառայեցնել սերնդի կրթության ու դաստիարակության գործին։

Ուսուցչի օրն ու նոր ճանապարհի մեկնարկի խորհրդանշական օրը Մանկավարժականում ամփոփվեց ազգային պարով։