ՀՊՄՀ-ում էին Հունգարիայի ներկայացուցիչները

05.10.2026
ՀՊՄՀ-ում էին Հունգարիայի ներկայացուցիչները

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիան, հյուպատոս Պիտեր Տարչայը և Ֆերենց Ռակոցի II-ի անվան Անդրկարպատիայի հունգարական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Նատալյա Վարադինը։

Բուհի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Հունգարիայի կրթական հաստատությունների միջև կապերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերը։

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշեց՝ Մանկավարժական համալսարանը պատրաստակամ է համագործակցելու տարբեր ուղղություններով՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդումն ու փոխադարձ փորձի փոխանակումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՊՄՀ-ի և Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։

Մասնավորապես՝ կարևորվեց Պիտեր Պազմանի անվան համալսարանի հետ ակադեմիական շարժունության, համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիան ներկայացրեց դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները և կարևորեց բուհերի հետ համագործակցությունը։ Նա ևս ընդգծեց Պիտեր Պազմանի անվան համալսարանում գործող Հայագիտական ամբիոնի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ աշխատանք է իրականացնում Հունգարիայում հայագիտության զարգացման ուղղությամբ։

Ալեքսանդրա Չիզմադիան անդրադարձավ ՀՊՄՀ-ում գործող Հունգարական կենտրոնին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու կենտրոնի գործունեությանը և տարբեր ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ համագործակցության զարգացումն ու հետագա քննարկումների շարունակականությունը։

Հանդիպմանը հաջորդեցին դասախոսություններ․ Հունգարիայի 1956 թվականի հեղափոխության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Ֆերենց Ռակոցի II-ի անվան Անդրկարպատիայի հունգարական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Նատալյա Վարադինը։ Նա անդրադարձավ նաև Անդրկարպատիայի և 1956 թվականի հունգարական հեղափոխության առնչությունները։

Հունգարիայի պատմության վերաբերյալ ելույթով հանդես եկավ նաև հյուպատոս Պիտեր Տարչայը։