ՀՊՄՀ դասախոսը մասնակցել է միջազգային գիտաժողովների
05.10.2026
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը Վրաստանում մասնակցեց միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով հայ գրականությանն ու թարգմանությանը վերաբերող հետազոտություններ։
Սեպտեմբերի 23-25-ը Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում կայացած 18-րդ միջազգային սիմպոզիումի թեման էր «Պատերազմի և խաղաղության թեման ժամանակակից համաշխարհային գրականության և արվեստի մեջ»։
Գիտաժողովում Քնարիկ Աբրահամյանը ներկայացրեց Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հետ հեղինակած «Ժամանակի և պատմության ընկալումը Զարեհ Խրախունու պոեզիայում» զեկուցումը։
Միջազգային սիմպոզիումին մասնակցում էր շուրջ չորս տասնյակ հետազոտող՝ 10 երկրից։ Սեպտեմբերի 29-30-ը Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանում էլ անցկացվեց «Սև ծովը՝ իբրև գրական և մշակութային տարածք (4) և անդին․ թարգմանության և գրականության փոխադարձ անդրադարձներ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Քնարիկ Աբրահամյանը գիտաժողովում ներկայացրեց «Վրացական գրականության հայերեն թարգմանություններ (2020–2026 թթ.) նախապատվություններ և շարժառիթներ» զեկուցումը, որի համահեղինակն է «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, դոցենտ Թեհմինա Մարությանը։
Ավանդաբար անցկացվող գիտաժողովին մասնակցում էր 43 հետազոտող՝ 14 երկրից։ Այս տարի Սևծովյան տարածաշրջանը քննարկվեց որպես բազմալեզու, բազմամշակույթ և դինամիկ տարածք, որտեղ գրականությունն ու թարգմանությունը փոխազդում են տարբեր մշակութային, պատմական և գաղափարական համատեքստերի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Քնարիկ Աբրահամյանն այցելեց նաև Թբիլիսիի հայկական պատմամշակութային հաստատություններ, այդ թվում՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոն, Խոջիվանքի պանթեոն և Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Վերջին հրապարակումներ
-
05.10.2026
ՀՊՄՀ-ում էին Հունգարիայի ներկայացուցիչները -
05.10.2026
Շնորհավոր Ուսուցչի օրը