ՀՊՄՀ Պատմության թանգարանի բաց հաշվետվությունը
07.10.2026
ՀՊՄՀ Պատմության թանգարանի տնօրեն, Թանգարանների միջազգային խորհրդի թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ Ալվարդ Գրիգորյանը համալսարանական ստորաբաժանումնների ղեկավարներին ու դասախոսներին ներկայացրեց իրենց կառույցի գործունեությունն ու հնարավորությունները՝ շարունակական գործառույթների շարքում խոսելով ցուցադրությունների, ֆոնդերի համալրման, ՀՊՄՀ առաջին կուրսեցիների, տարբեր դպրոցների սովորողների խմբերի այցելությունների, բուհի շրջանավարտների հետ հետադարձ կապի անընդհատ թարմացման մասին։
Նա ընդգծեց թանգարանի հնարավորությունների օգտագործումը տարբեր մասնագիտությունների առնչությունների համատեքստում՝ կարևորելով թանգարանը որպես գիտակրթական, գիտահետազոտական, պրակտիկաների անցկացման հարթակ։
Հանդիպման նպատակը ոչ այնքան ստորաբաժանման գործունեությունը ներկայացնելն էր, որքան այն, թե առաջիկայում թանգարանի ներուժն օգտագործելով, ինչ ուղղություններով պիտի աշխատանքներն իրականացվեն։
Ալվարդ Գրիգորյանը ներկայացրեց դպրոցականների, ուսանողների, շրջանավարտների, ուսուցիչների, նաև զարգացման հատուկ կարիք ունեցողների հետ կազմակերպվող տարբեր կրթական ծրագրերը, խաղ-էքսկուրսիաները նաև բրայլյան աղյուսակով և սուրդո թարգմանություններով, աուդիոգիդ միջազգային հարթակին միանալը, որի շնորհիվ տարբեր լեզուներով կարող են էքսկուրսիաներ ձայնագրել, մասնակցությունը «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառմանը, ուսանողների հետազոտական թեզերին թեմատիկ աջակցություն ցուցաբերելը և այլն։
Ըստ Ալվարդ Գրիգորյանի, թանգարանների հետ ունեցած իր միջազգային կապերն ու թանգարանի ներուժը լիարժեք չեն օգտագործվում, որի ուղղությամբ պետք է մտածել, հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ հանրապետության բոլոր խոշոր թանագարանների տնօրենները ՀՊՄՀ շրջանավարտներ են, որոնց հետ կապը պահվում է ասցիացիայի միջոցով։
Նա շեշտը դրեց համագործակցային աշխատանքի վրա՝ ընդգծելով, որ բուհի ուսանողները կարող են իրենց հետազոտական աշխատանքներն իրականացնել թանգարանում՝ օգտվելով հարուստ ֆոնդերից ու սլայդ շոուներից։
Առաջարկություններով հանդես եկան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանը, Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը, Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, Քիմիայի, կենսանբանության և աշխարհագրության ֆակուլտետից Մարիետա Մուրադյանը և Վարդուհի Հովհաննիսյանը, այլ ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում շեշտադրվեց համագործակցային միջավայրի ստեղծումը, բուհի համապատասխան ամբիոնի հետ ուղղորդված աշխատանքը և ուսանողների ավարտական հետազոտությունների համատեղ աշխատանքը թանգարանում։