ՀՊՄՀ-ի «Լավագույն ուսանող»-ների եռօրյա այցը Վրաստան
07.10.2026
ՀՊՄՀ-ի 2025 թվականի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի հաղթողները՝ որպես խրախուսանք և բարձր առաջադիմության, նախաձեռնողականության ու ակտիվ գործունեության գնահատում, եռօրյա ճանաչողական այցով Վրաստանում էին։
Բուհի 10 ֆակուլտետի լավագույն ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ծանոթանալու հարևան երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային ավանդույթներին և մշակույթին։
Ուսանողնեն այցելեցին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակ, տեսան Վախթանգ Գորգասալիի կամուրջ-հուշարձանը, եղան Մետեխի վանքում, ինչպես նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սայաթ-Նովայի գերեզմանում։
Ճանաչողական շրջայցի ընթացքում ուսանողները եղան նաև Ռիխեի այգում, տեսան Մայր Վրաստանի, Թամադայի և Սերգեյ Փարաջանովի արձանները, Խաղաղության կամուրջը, Ազատության հրապարակը, շրջեցին Ռուսթավելի և Լեսելիձեի փողոցներով, ծանոթացան Մանթաշյանցի շենքերին, այցելեցին Սիոնի տաճար։
Այցի կարևոր կանգառներից էր նաև Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնը, որտեղ ամփոփված են հայ գրականության և հասարակական կյանքի մի շարք նշանավոր գործիչների աճյունները, եղան Բոդբեի վանքում և Սամեբայի տաճարում։
ՀՊՄՀ-ի լավագույն ուսանողները եղան նաև նաև Վրաստանի պատմական Մցխեթա քաղաքում՝ այցելեցին Սվետիցխովելի և Ջվարի եկեղեցիները, ինչպես նաև շրջեցին Սիղնաղիում՝ Վրաստանի հայտնի «Սիրո քաղաքում»։
Եռօրյա այցը ուսանողների համար դարձավ ոչ միայն հանգստի, այլև կրթական, ճանաչողական և մշակութային արժեք ունեցող նախաձեռնություն։ Այն հնարավորություն տվեց ընդլայնելու նրանց աշխարհայացքը, ծանոթանալու նոր պատմամշակութային միջավայրի, ձեռք բերելու գիտելիքներ, և համալսարանական առօրյայից դուրս շփվելու միմյանց հետ։
Ուսանողների խոսքով՝ այցը լի էր նոր բացահայտումներով, հետաքրքիր տպավորություններով և ջերմ շփումներով՝ դառնալով ուսանողական տարիների հիշարժան դրվագներից մեկը։
ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի խոսքով, «Լավագույն ուսանող» ծրագիրը կարևորում է այն ուսանողների աշխատանքն ու ձեռքբերումները, ովքեր ուսումնառության, գիտական գործունեության, նախաձեռնողականության և հասարակական ակտիվության շնորհիվ առանձնանում են համալսարանական միջավայրում․ ««Լավագույն ուսանողը» ոչ միայն գնահատանքի, այլև խրախուսման հարթակ է, որը պետք է ոգեշնչի մեր ուսանողներին՝ շարունակելու իրենց զարգացման ճանապարհը, հանդես գալու նոր նախաձեռնություններով և առավել ակտիվ մասնակցելու համալսարանի կյանքին։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կլինի շարունակական և տարեցտարի նոր հնարավորություններ կստեղծի մեր լավագույն ուսանողների համար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողը Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանող Սիմոն Հովհաննիսյանն էր, որն առաջիկանյում մի շրջան ուսումնառությունը կանցկացնի եվրապական հատնի բուհերից մեկում։