ՀՊՄՀ-ում անցկացվեց DeSIRe ծրագրի եզրափակիչ համաժողովը
07.10.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ «Էրազմուս+» ծրագրի «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում փափուկ հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» (DeSIRe) ծրագրի եզրափակիչ համաժողովը։
Համաժողովին ներկա էին Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ։ Եռամյա ծրագրի համակարգողը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն էր։
Համաժողովը մեկնարկեց DeSIRe ծրագրի և դրա հիմնական արդյունքների ներկայացմամբ։
Մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ ընդգծելով ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի կարևորությունը․ «Որպես ծրագրի գործընկեր՝ ՀՊՄՀ-ն կարևորում է մեր համատեղ աշխատանքը՝ ուղղված բարձրագույն կրթության մեջ փափուկ հմտությունների զարգացմանը և կրթության ու աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդմանը։ Մեր առաքելությունն է պատրաստել մասնագետներ, որոնք կարող են իրենց գիտելիքները կիրառել փոփոխվող պայմաններում, համագործակցել, հաղորդակցվել և գտնել նոր լուծումներ։ Քննադատական ու ստեղծագործական մտածողությունը, թիմային աշխատանքը և կշռադատված որոշումներ կայացնելու կարողությունը կարևոր են յուրաքանչյուր շրջանավարտի մասնագիտական կայացման համար»,-նշեց Նաիրա Սաֆարյանը։
Պրոռեկտորի խոսքով՝ DeSIRe ծրագիրը հնարավորություն տվեց վերաիմաստավորելու այս հմտությունների տեղը կրթական գործընթացում և դրանց զարգացմանն ուղղված մոտեցումները։ Նա նշեց, որ Մանկավարժական համալսարանի համար ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի․ ուսուցիչների պատրաստման որակն անմիջականորեն ազդում է դպրոցական կրթության վրա, ուստի այս հմտությունների զարգացումը ապագա մանկավարժների շրջանում կնպաստի նաև դպրոցներում ավելի ներառական և մասնակցային կրթական միջավայրի ձևավորմանը։
Նաիրա Սաֆարյանն անդրադարձավ նաև ծրագրի շրջանակում ձևավորված մասնագիտական երկխոսության և փոխադարձ ուսումնառության հնարավորություններին՝ ընդգծելով արդյունքների շարունակական կիրառման կարևորությունը․ «Այսօր, ամփոփելով ծրագիրը, կարևոր է անդրադառնալ դրա արդյունքների հետագա կիրառմանը։ Մեր ընդհանուր խնդիրն է ապահովել, որ մշակված կրթական ռեսուրսներն ու մոտեցումները շարունակեն կիրառվել դասընթացներում, ուսանողների հետ աշխատանքում և դասախոսների մասնագիտական զարգացման գործընթացներում։ Ծրագրի երկարաժամկետ արժեքը կարտահայտվի նաև այն փոփոխություններով, որոնք կպահպանվեն և կզարգանան մեր հաստատություններում ծրագրի ավարտից հետո»,- ամփոփեց պրոռեկտորը։
Ծրագրի իրականացման հիմնական փուլերի, արձանագրված արդյունքների և ձեռքբերումների մասին խոսեցին նաև հայ և արտասահմանցի գործընկերները։
Ծրագրի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ, մշակվել են կրթական մոդուլներ և թվային ուսուցման գործիքներ, կազմակերպվել են վերապատրաստումներ և փորձարկումներ՝ նպաստելով բուհերի կարողությունների զարգացմանն ու ուսանողների աշխատաշուկային պատրաստվածության ամրապնդմանը։
DeSIRe ծրագրի շրջանակում մշակվել և ներդրվել է փափուկ հմտությունների 10 մոդուլ/MOOC՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության շրջանակում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանների ծրագրերում։
Օրակարգի առանցքային քննարկումներից էր «Հմտությունների զարգացումից դեպի աշխատաշուկա. արդյո՞ք Հայաստանի և Վրաստանի բուհերը պատրաստ են 21-րդ դարի աշխատավայրի մարտահրավերներին» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձրագույն կրթության և աշխատաշուկայի պահանջների փոխկապակցմանը, ուսանողների փափուկ հմտությունների զարգացմանը, բուհերում համապատասխան կրթական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև գործատուների պահանջներին համահունչ կարողությունների ձևավորմանը։
Մասնակիցները քննարկեցին նաև մշակված կրթական ռեսուրսների հետագա կիրառման, բուհական կրթական ծրագրերում դրանց ինտեգրման և ծրագրի արդյունքների կայունության ապահովման հնարավորությունները։