Քննարկվեց հուզական բարօրության ազդեցությունը կրթական գործընթացի վրա
08.10.2026
ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հուզական բարօրությունը՝ ակադեմիական առաջընթացի նախապայման» խորագրով սեմինարը։ Այն վարեց Մանկավարժության ամբիոնի դասախոս Անի Մկրտչյանը։
Սեմինարին մասնակցում էին Մանկավարժության ամբիոնի դասախոսներ և ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ, ինչպես նաև ավագ դպրոցի ուսուցիչներ։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, կարևորելով թեմայի արդիականությունը, ընդգծեց հուզական բարօրության, անվտանգ կրթական միջավայրի և սովորողի ակադեմիական առաջընթացի փոխկապակցվածությունը։
Սեմինարի ընթացքում Անի Մկրտչյանն անդրադարձավ սոցիալ-հուզական ուսումնառությանը, դրա հիմնարար սկզբունքներին, հոգեբանական կարիքներին, մոտիվացիայի տեսակներին և կրթական միջավայրի ազդեցությանը սովորողի զարգացման վրա։
Ներկայացնելով կանադացի զարգացման հոգեբան Ջորդան Նյուֆելդի մոտեցումը, որ զարգացումը տեղի է ունենում հանգստության կետից, բանախոսը նշեց՝ երեխայի զարգացման գործընթացը հնարավոր չէ լիարժեք հասկանալ՝ անտեսելով նրա ներքին աշխարհում տեղի ունեցող գործընթացները։
Ինչպես նկատեց Անի Մկրտչյանը՝ դպրոցներում հաճախ մեծ ուշադրություն է դարձվում դասագրքերին, ֆիզիկական ենթակառուցվածքներին, ուսուցիչների վերապատրաստմանը և կրթական այլ բաղադրիչներին, մինչդեռ նույնքան կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երեխայի և ուսուցչի ներաշխարհում․«Երբ չենք ստեղծում բարօրության և անվտանգության միջավայր, այդ պայմաններում կիրառվող մյուս գործիքներն ու փոփոխությունները դառնում են երկրորդական»,- ընդգծեց նա։
Բանախոսը ներկայացրեց նաև իր մասնագիտական փորձը՝ կարևոր փուլերից մեկը համարելով «Սերունդ» ծրագիրը, որի հիմքում սոցիալ-հուզական ուսումնառությունն է։
Անի Մկրտչյանը ներկայացրեց իր իրականացրած ուսումնասիրության արդյունքը, ըստ որի, ծնողների 87 տոկոսը նշել է, որ ապահով դպրոցական միջավայրն ազդել է երեխայի՝ դպրոցի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա և խթանել է նրա մոտիվացիան։
Անի Մկրտչյանը շեշտեց նաև՝ դպրոցում անվտանգ միջավայրի ձևավորումը պետք է վերաբերի կրթական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ սովորողներին, ուսուցիչներին, ծնողներին և դպրոցի մյուս աշխատակիցներին։
Քննարկման ընթացքում կարևորվեց նաև հաղորդակցությունը՝ որպես անվտանգ և աջակցող միջավայրի ձևավորման առանցքային բաղադրիչ։