Ամփոփվեց «Պատմությունը երգերում» երիտասարդ պատմաբանների ամառային դպրոցը
09.10.2026
Մանկավարժական համալսարանում ամփոփվեց «Պատմությունը երգերում» երիտասարդ պատմաբանների ամառային դպրոցը, որն իրականացվեց Հայագիտական հետազոտությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
Գործող ուսուցիչներն ու ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու թեմատիկ դասախոսությունների, քննարկումների և գործնական աշխատանքների՝ ուսումնասիրելով պատմության դասավանդման այլընտրանքային մոտեցումներ։
Ամառային դպրոցն իրականացվեց երեք փուլով։ Առաջին՝ տեսական փուլում, մասնակիցները լսեցին թեմատիկ դասախոսություններ և ստացան գործնական առաջադրանքներ։ Երկրորդ փուլում նրանք ինքնուրույն և առցանց աշխատանքի միջոցով մշակեցին դասի պլաններ՝ օգտվելով նաև խորհրդատվությունից։
Այսօր կայացած ամփոփիչ փուլում մասնակիցները ներկայացրին իրենց մշակած դասի պլանները՝ ցուցադրելով ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները։
«Ամառային դպրոցը ծառայել է իր նպատակին՝ մասնակիցներին հնարավորություն տալով ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև դրանք կիրառել գործնական աշխատանքներում, զարգացնել պատմության դասավանդման հմտությունները և բացահայտել երգը՝ որպես ուսումնական գործընթացում պատմական նյութի ուսումնասիրման ու վերլուծության արդյունավետ միջոց»,- նկատեց Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։