ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային գիտաժողովի

12.10.2026
ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին   միջազգային գիտաժողովի

Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված էր հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի՝ Ոսկանյան Աստվածաշնչի 360-ամյակին։

Ոսկան Երևանցու նախաձեռնությամբ Աստվածաշնչի տպագրությունը նոր տեխնոլոգիական ձեռքբերում էր, որը հնարավորություն տվեց հինգ հազար օրինակով տպագրել և աշխարհի հայաբնակ վայրերում տարածել գիրքը՝ նպաստելով հայոց լեզվի, հավատի պահպանմանն ու հայկական մշակութային ինքնության ամրապնդմանը։

Երկօրյա միջազգային գիտաժողովին մասնակցել է ավելի քան 110 հետազոտող՝ աշխարհի 23 երկրից։

Գիտաժողովին ՀՊՄՀ-ից մասնակցեցին Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու Հայոց պատմության ամբիոնի հայցորդ, Աստղաձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Տիրուհի Սիրեկանյանը։ Նրանք հանդես եկան «Ոսկանյան «Աստվածաշունչ» գրքի տառակազմը» թեմայով զեկուցմամբ։

Գիտաժողովի՝ «Սփյուռքի ժառանգության պահպանություն և հանրահռչակում» խորագրով մասնախմբում զեկուցմամբ հանդես եկավ նաև ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Նելլի Թադևոսյանը։ Նա ներկայացրեց «Վազգեն Շուշանյանի գրական ժառանգությունը սփյուռքահայ մամուլի էջերում» թեման՝ անդրադառնալով գրողի գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։

Գիտաժողովի շրջանակում մասնակիցների համար նախատեսված էր նաև մշակութային ծրագիր՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու հայկական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումներին։