ՀՊՄՀ-ում մեկնարկեց «Ուսանողական տուրիզմ» միջազգային դպրոցը

13.10.2026
ՀՊՄՀ-ում մեկնարկեց «Ուսանողական տուրիզմ» միջազգային դպրոցը

Մանկավարժական համալսարանում կայացավ «Ուսանողական տուրիզմ» միջազգային դպրոցի պաշտոնական բացման արարողությունը։ Այս տարի ծրագիրն իրականացվում է «Արտ-խորասուզում․ արվեստ, նորաձևություն և ստեղծարար ոլորտ» խորագրով՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ուսումնասիրելու հայկական մշակույթն արվեստի և ստեղծարար ոլորտների միջոցով։

 

Միջազգային դպրոցի նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական և միջմշակութային հմտությունները, խթանել միջազգային թիմային աշխատանքը, բուհերի միջև համագործակցության հնարավորությունները։

 

Հոկտեմբերի 12-16-ը ՀՊՄՀ-ում Հայաստանի և ՌԴ տարբեր բուհերի ուսանողներ կմասնակցեն կրթական, մշակութային և ստեղծագործական նախաձեռնությունների։  Այս տարի դպրոցին մասնակցում է 41 ուսանող․ նրանցից 20-ը ՌԴ տարբեր բուհերից են, 14-ը ՀՊՄՀ-ից, 7-ը՝ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանից, 3-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։

 

Դպրոցի բացման արարողությանը ներկա էր ՀՊՄՀ Գիտության գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, գործընկեր բուհերի ներկայացուցիչներ։

 

Ողջունելով ներկաներին՝ Մարիամ Իսպիրյանը կարևորեց ծրագրի շարունակականությունը՝ ընդգծելով, որ ՀՊՄՀ-ն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում «Ստուդտուրիզմ» ծրագրի մասնակիցներին․ «2024 և 2025 թվականներին մեր համալսարանն իր ամենամյա միջազգային ամառային և աշնանային դպրոցների շրջանակում արդեն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարբեր բուհերի շուրջ 30 ուսանողի։ Այս ավանդույթի շարունակականությունը վկայում է մեր բարեկամության, միջազգային համագործակցության արդյունավետության և երիտասարդական կապերի ամրապնդման կարևորության մասին»,- նշեց պրոռեկտորը։

 

Անդրադառնալով այս տարվա ծրագրի թեմային՝ Մարիամ Իսպիրյանն ընդգծեց, որ Հայաստանի դարավոր մշակույթն ու հարուստ ժառանգությունը լավագույն հարթակն են լուսանկարչության, տեսանկարահանման, դիզայնի, նորաձևության և ոճի ոլորտներում նոր գաղափարներ զարգացնելու համար։ Նա վստահություն հայտնեց, որ ստեղծարար ոլորտների մասնագետների հետ նախատեսված վարպետության դասերն ու համատեղ աշխատանքները կներշնչեն ուսանողներին՝ ստեղծելու ինքնատիպ նախագծեր, իսկ միջազգային դպրոցը կդառնա նոր բարեկամության, ստեղծարար հայտնագործությունների և մասնագիտական առաջընթացի սկիզբ։

 

Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց ծրագրի համակարգող Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանին և ՌԴ  Գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը՝ նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար։

 

Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ-ում ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը։ Նա ընդգծեց՝ Հայաստանը փոքր տարածք ունեցող, բայց տեսարժան վայրերով, հարուստ հոգևոր մշակույթով և  հնագույն քաղաքակրթությամբ առանձնացող երկիր է։

 

Միխայիլ Վոժդաևն անդրադարձավ նաև Հայաստանում զբոսաշրջության հնարավորություններին, ՀՊՄՀ-ի հյուրընկալությանը՝ կարևորելով ուսանողների համար ստեղծված կրթական  և մշակութային միջավայրը։

 

Ծրագրի նպատակներն ու նշանակությունը ներկայացրեց ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հախումյանը։ Նա կարևորեց նախաձեռնության դերը երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականության ապահովման, միջբուհական գործընկերության ամրապնդման և երիտասարդական կապերի զարգացման գործում։

 

Մասնակիցներին ողջունեցին նաև կազմակերպիչները՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի միջազգային համագործակցության զարգացման կենտրոնի ղեկավարի տեղակալ Անաստասիա Ալեքսենկոն,  «Ստուդտուրիզմ» ծրագրի ներկայացուցիչ Սոֆյա Մախատաձեն, ինչպես նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ամբիոնի վարիչ Արմինե Աղաջանյանը։

 

Այս անգամ «Ուսանողական տուրիզմ» միջազգային դպրոցի ծրագրի առանցքում ստեղծարար ոլորտներն են՝ լուսանկարչություն, տեսանկարահանում, դիզայն, նորաձևություն։  Ծրագրի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն հայկական մշակութային ժառանգությունը, կմասնակցեն թեմատիկ վարպետության դասերի և կմշակեն սեփական ստեղծագործական նախագծերը։

 

Նախատեսվում է ուսանողների աշխատանքների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն հայկական մշակույթի առանձնահատկություններն ու ինքնատիպությունը։ Մասնակիցները նաև կմշակեն հագուստի կամ աքսեսուարների համատեղ բրենդային շարք՝ ոգեշնչված Հայաստանի և Ռուսաստանի ավանդույթներով։

 

Դպրոցի արդյունքները և ստեղծագործական նախաձեռնությունները կներկայացվեն Կալինինգրադում կայանալիք «Ստուդտուրիզմ-2026» միջազգային ֆորումում։ ՀՊՄՀ-ի ուսանողների շրջանում ընտրված 4 մասնակից հնարավորություն կունենա մասնակցելու ֆորումին՝ ներկայացնելով համատեղ աշխատանքի արդյունքները։