Քննարկվեցին ֆակուլտետի զարգացման առաջնահերթությունները

02.11.2026
Քննարկվեցին ֆակուլտետի զարգացման առաջնահերթությունները

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը սկսել է հանդիպումների շարք` ֆակուլտետների դասախոսական և ուսանողական համայնքների հետ։

Այսօր նա աշխատանքային հանդիպում ունեցավ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց ընթացիկ տարվա գործունեությունը` անդրադառնալով ուսումնական գործընթացի կազմակերպմանը, գիտական գործունեությանը, իրականացված վերապատրաստումներին, գիտաժողովներին, գիտահետազոտական ծրագրերին, ինչպես նաև միջազգային գիտական պարբերականներում հրապարակված աշխատանքներին։

Առանձնակի կարևորեց հայագիտության ոլորտում իրականացվող աշխատանքները։ Նա ներկայացրեց նաև համալսարանում գործող «Հունգարական կենտրոնի» գործունեությունը, անդրադարձավ միջազգային համագործակցության ընդլայնմանը և հանրակրթական դպրոցների հետ տարվող աշխատանքներին՝ մասնավորապես կարևորելով մասնագիտական կողմնորոշման և իրազեկման նախաձեռնությունները։

Էդգար Հովհաննիսյանն անդրադարձավ նաև առկա խնդիրներին՝ որպես առաջնահերթություն դիտարկելով ուսանողների ներգրավվածության բարձրացումը գիտահետազոտական ծրագրերում, դպրոցական կրթության և դասավանդման մեթոդիկայի ոլորտներում հետազոտությունների ու նորարարական ծրագրերի խթանումը, ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների որակի բարելավումը, ինչպես նաև գրագողության կանխարգելմանն ուղղված համապատասխան ծրագրերի ներդրումը։

Ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը լսեց այս և մյուս խնդիրներն ու առաջարկությունները, կարևորեց նման հանդիպումները։

Ռեկտորի պաշտոնակատարն խոսեց ֆակուլտետը երիտասարդ կադրերով համալրելու, մանկավարժության տարբեր ուղղություններով նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը։

Նա առաջնահերթ համարեց ուսումնական պլանների բովանդակության համապատասխանեցումը ժամանակակից կրթական պահանջներին և աշխատաշուկայի փոփոխություններին։

Նա կարևորեց նաև ուսանողների գործնական պատրաստվածությունը, անհրաժեշտ համարեց պրակտիկայի կազմակերպման և համակարգման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Արաքսիա Սվաջյանը հումանիտար ոլորտների նկատմամբ երիտասարդների հետաքրքրության նվազումը համարեց ոլորտի առջև ծառացած լուրջ մարտահրավերներից մեկը, ինչպես նաև կարևորեց ուսանողների՝ ուսումնառության վաղ փուլից գիտահետազոտական աշխատանքներում ներգրավումը։

Հանդիպման ընթացքում ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց համալսարան-դպրոց սերտ համագործակցության բարելավումն ու փոխգործակցությունը, ապա պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին։