Կրթության որակն ու մասնագիտական նոր պահանջները՝ քննարկման առանցքում

03.11.2026
Կրթության որակն ու մասնագիտական նոր պահանջները՝ քննարկման առանցքում

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսական կազմի հետ։ Դեկան Գոհար Հովյանը ներկայացրեց ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցության և միջազգայնացմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև արեց ֆակուլտետի գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։

Հանդիպման ընթացքում Արաքսիա Սվաջյանն ընդգծեց՝ բարձրագույն կրթության համակարգում ընթացող փոփոխությունների և բուհերի խոշորացման համատեքստում համալսարանն ունի կարևոր անելիքներ։ Նա առանձնահատուկ կարևորեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դերը՝ որպես հանրապետությունում այս ոլորտի մասնագետներ պատրաստող եզակի կրթական միավոր։

Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց կրթական ծրագրերի և ուսումնական պլանների վերանայման, դրանց բովանդակությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ համալսարանը պետք է պատրաստի ոչ միայն այսօրվա, այլև ապագայի մասնագետների, ուստի յուրաքանչյուր դասընթաց պետք է լինի արդիական, նորարարական և ուղղված ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Անդրադառնալով արհեստական բանականության կիրառմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ անհրաժեշտ է այն նպատակային և արդյունավետ կերպով ներդնել ուսումնական գործընթացում՝ նպաստելով ուսանողների գիտելիքների ու կարողությունների զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը։

Ֆակուլտետի հետագա անելիքների մասին խոսելիս՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծեց, որ այն պետք է առավել ակտիվ դերակատարում ունենա հանրապետությունում հատուկ և ներառական կրթության ոլորտի զարգացման գործընթացներում, հանդես գա մասնագիտական նախաձեռնություններով, կազմակերպի վերապատրաստումներ և ամրապնդի իր դիրքը ոլորտում։

Ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց նաև հարցերին, լսեց ներկաների դիտարկումներն ու առաջարկությունները։