ԲՏՃՄ կրթության զարգացումը՝ կարևոր առաջնահերթություն
03.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։
Դեկան Արթուր Թադևոսյանն ամփոփ ներկայացրեց ֆակուլտետի զարգացման տեսլականը, կառավարչական գործընթացների հիմնական ուղղությունները, անդրադարձավ միջազգային ծրագրերին, ֆակուլտետի ուժեղ և թույլ կողմերին։
Հանդիպման ընթացքում Արաքսիա Սվաջյանն առանձնահատուկ կարևորեց ԲՏՃՄ մասնագիտությունների գրավչության բարձրացումը՝ ընդգծելով, որ այս ոլորտներում մանկավարժների պահանջարկը շարունակում է մեծ մնալ։
Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց ուսանողների թվաքանակի աճը, ինչին նպաստում է նաև Կառավարության կրթաթոշակային քաղաքականությունը, սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ համարեց խրախուսել շրջանավարտների մասնագիտական գործունեությունը դպրոցներում։
Արաքսիա Սվաջյանը բարձր գնահատեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական և ակադեմիական ներուժը՝ միաժամանակ ընդգծելով երիտասարդ մասնագետներով համալրվելու, գիտական սերնդափոխությանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով կրթության որակի բարելավմանը՝ նա նշեց, որ համալսարանի գիտակրթական ներուժը պետք է համադրելի լինի միջազգային զարգացումներին և կրթական չափանիշներին։ Այս համատեքստում նա կարևորեց Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մասնագետների ներգրավումը բուհի կրթական ծրագրերի վերանայման գործընթացում։
Նա առանձնակի կարևորեց նաև ֆակուլտետի լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումն ու դպրոցների ուսուցիչների համար դրանց հասանելիության ապահովումը։ Նշեց՝ ժամանակակից դպրոցն ունի բնագիտական առարկաների որակյալ մասնագետների կարիք, իսկ համալսարանն ունի անհրաժեշտ ներուժ՝ այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր իրականացնելու և ոլորտի բարելավմանը նպաստելու համար։
Հանդիպման ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ պրակտիկայի կազմակերպմանը, անհրաժեշտ համարեց վերանայել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների ընտրությունը՝ դրանք առավելապես ուղղելով ոլորտի իրական խնդիրների ուսումնասիրմանը, ուսանողների հետազոտական կարողությունների ձևավորմանը։
Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց նաև՝ համալսարանի հիմնական առաքելությունը պետք է շարունակի մնալ կրթության և մանկավարժության ոլորտը, և այդ առաջնահերթությունը պետք է արտացոլվի նաև գիտահետազոտական գործունեությունում։