Դեպի մանկավարժական կրթության առաջնահերթություններ․ ՀՊՄՀ-ն KPI4HE համաժողովում

04.11.2026
Դեպի մանկավարժական կրթության առաջնահերթություններ․ ՀՊՄՀ-ն KPI4HE համաժողովում

ՀՊՄՀ-ն՝ որպես KPI4HE ծրագրի գործընկեր բուհ, մասնակցեց եզրափակիչ իրազեկման համաժողովին՝ ներկայացնելով մանկավարժական կրթության առաջնահերթությունների համատեքստում գործունեության առանցքային ցուցանիշների կիրառման իր փորձը։

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի առանցքում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացումն է։ Համաժողովի քննարկումներում կարևորվեց ազգային ցուցանիշների կիրառման ժամանակ բուհերի առաքելության և մասնագիտական ուղղվածության առանձնահատկությունների հաշվառումը։ Ընդգծվեց, որ ծրագրի արդյունքների արժեքը պայմանավորված է դրանց շարունակական կիրառմամբ և համալսարաններում իրական բարելավումների ապահովմամբ։

Համաժողովում ՀՊՄՀ Կենսաբանաության, քիմիայի և աշխարհարագրության ֆակուլտետի դեկան Սիրինե Շողերյանը ներկայացրեց «Ազգային կատարողականի առանցքային ցուցանիշներից դեպի մանկավարժական կրթության առաջնահերթություններ․ ՀՊՄՀ փորձը» խորագրով զեկույցը։

ՀՊՄՀ մասնակցությունը KPI4HE ծրագրին ընդգրկում է ինչպես ազգային մակարդակում փաստաթղթերի և գործիքների մշակման աշխատանքները, այնպես էլ համալսարանում դրանց կիրառման նախապատրաստումը։ Համալսարանի ներկայացուցիչները ներգրավվել են ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցի, գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգի նախագծերի, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի կատարողականի չափորոշիչների ու ցուցիչների մշակման աշխատանքներում։

Ծրագրի շրջանակում ՀՊՄՀ թիմը մասնակցել է Օլդենբուրգի, Ջենովայի, ինչպես նաև Դրեզդենի տեխնոլոգիական համալսարաններում կազմակերպված աշխատաժողովներին՝ ուսումնասիրելով եվրոպական գործընկերների՝ տվյալահենք կառավարման, ինստիտուցիոնալ հետազոտությունների, ռազմավարական պլանավորման և գործունեության գնահատման փորձը։

Համալսարանում կազմակերպվել են նաև ներքին քննարկումներ՝ պրոֆեսորադասախոսական, վարչակառավարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանց ընթացքում անդրադարձել են ծրագրի նպատակներին, իրականացվող աշխատանքներին և ակնկալվող արդյունքներին՝ նպաստելով համալսարանական համայնքի ներգրավմանը բարեփոխումների գործընթացում։