Հանդիպումներ ՀՊՄՀ համահամալսարանական ամբիոնների ներկայացուցիչների հետ
04.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ ունոցավ նաև բուհի համահամալսարանական ամբիոնների դասախոսական կազմերի հետ։
Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը ներկայացրեց ամբիոնի կրթական ծրագրերի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, նշելով, որ՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին վերանայվում են մասնագիտական կրթական ծրագրերը՝ դրանց բովանդակությունը համապատասխանեցնելով մասնագիտական վերջնարդյունքներին։ Նա ընդգծեց նաև, որ կարևորվում են դասընթացների գործնական առաջադրանքների նպատակային մշակումը՝ դրանք ուղղելով տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմանն ու վերջնարդյունքների ապահովմանը։
Արաքսիա Սվաջյանն ընդգծեց, որ Մանկավարժության ամբիոնը կարևոր դերակատարում ունի ոչ միայն կրթական ծրագրերի իրականացման, այլև մանկավարժական գիտության զարգացման, ոլորտի խնդիրների հետազոտման և կրթական քաղաքականության բարելավման, կրթության կառավարման գործընթացներում։
Անդրադարձան նաև կրթության կառավարման, դպրոցների ղեկավարման խնդիրներին, մասնագիտական կադրերի պակասին և մանկավարժական առաջնորդության զարգացմանը։ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն էլ ներկայացրեց իրենց կառույցի կրթական և գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ համահամալսարանական դասընթացներին, «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրին, ինչպես նաև վերջին տարիներին ամբիոնում ներդրված ֆինանսական ուղղվածության կրթական ծրագրին։
Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ կարևոր է վերանայել ֆինանսական գրագիտությանն ու կառավարմանը վերաբերող դասընթացների տեղն ու դերը կրթական ծրագրերում՝ դիտարկելով դրանք որպես պարտադիր կամ ընտրովի բաղադրիչներ՝ ըստ մասնագիտական ուղղվածության։
Հանդիպման առանցքային թեմաներից էր նաև կրթության կառավարման և բուհական առաջնորդության զարգացումը։ Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց համալսարանի ակտիվ դիրքավորումն ու ներգրավվածությունը կրթության կառավարման ոլորտում իրականացվող գործընթացներում՝ ընդգծելով, որ բուհը պետք է ոչ միայն մասնակցի բարեփոխումներին, այլև իր գիտական, կրթական և մասնագիտական ներուժով նպաստի դրանց իրականացմանը։
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորեց դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման և վերապատրաստումների գործընթացում ՀՊՄՀ-ի ներգրավվածությունը՝ նաև կրթական հաստատությունների կառավարման պատասխանատուների պատրաստման և շարունակական մասնագիտական զարգացման գործում։
Քննարկվեցին նաև «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի զարգացման հեռանկարները, լրացուցիչ կրթական ծրագրերի և նոր դասընթացների մշակման հնարավորությունները, անդրադարձան կրթության կառավարման գործընթացում պիլոտային ծրագրերի ներդրման հնարավորություններին, կրթության որակի բարձրացմանն ու դպրոցների կառավարման արդյունավետության բարելավմանը միտված քայլերին։
Արաքսիա Սվաջյանն ընդգծեց կրթության կառավարման ոլորտում համալսարանի տեսլականի հստակեցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՊՄՀ-ն պետք է ստանձնի ակտիվ դերակատարում ոչ միայն մասնագետների պատրաստման, այլև կրթության կառավարման համակարգի շարունակական զարգացման և կատարելագործման գործընթացում։