Քննարկվեցին բնագիտական և էկոլոգիական կրթության զարգացման հնարավորությունները
04.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դասախոսական կազմի հետ։
Ֆակուլտետի դեկան Սիրինե Շողերյանը ներկայացրեց ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները։ Նա անդրադարձավ ֆակուլտետի գիտահետազոտական ակտիվությանը, միջազգային համագործակցությանն ու գործընկերային կապերին, ինչպես նաև ուժեղ և թույլ կողմերին։
Արաքսիա Սվաջյանն իր դիտարկումներում կարևորելով կրթական ծրագրերի շարունակական վերանայումը, դասընթացների բովանդակային և կառուցվածքային համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, ինչպես նաև ուսանողների հետաքրքրությունների և մասնագիտական ընտրության հնարավորությունների ընդլայնումը։
Ռեկտորի պաշտոնակատարն առանձնահատուկ ընդգծեց բնագիտական առարկաների դասավանդման գործընթացում գործնական և լաբորատոր աշխատանքների առաջնային նշանակությունը։ Նա կարևորվեց ֆակուլտետի Գերազանցության կենտրոնի գործունեության ընդլայնումը՝ նշելով, որ այն պետք է ծառայի ոչ միայն ապագա ուսուցիչների պատրաստմանը, այլև դառնա գործող ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման հարթակ։
Ըստ Արաքսիա Սվաջյանի, կենտրոնի ներուժը պետք է լիարժեք օգտագործվի՝ լաբորատոր փորձերի կազմակերպման, նորարարական մեթոդների ներդրման և բնագիտական կրթության որակի բարձրացման նպատակով։
Անդրադառնալով կրթաթոշակային քաղաքականությանը՝ նա նշեց, որ այն պետք է ունենա նաև գործնական նշանակություն՝ նպաստելով հանրակրթական դպրոցներում բնագիտական առարկաների մասնագետներով համալրման խնդրի լուծմանը։
Ռեկտորի պաշտոնակատարի դիտարկմամբ, ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքները պետք է միտված լինեն ոչ միայն բնագիտական ոլորտի զարգացմանը, այլև անմիջականորեն առնչվեն մանկավարժությանը և կրթության հիմնախնդիրներին՝ չկտրվելով համալսարանի հիմնական առաքելությունից։
Այնուհետև Արաքսիա Սվաջյանը հանդիպեց ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի աշխատակազմի հետ։
Քննարկման առանցքում էին էկոլոգիական կրթության զարգացումը, դրա ինտեգրումը տարբեր մասնագիտությունների կրթական ծրագրերում, դպրոցների հետ համագործակցության ընդլայնումը։
Արաքսիա Սվաջյանը կարևորեց էկոլոգիական կրթության բաղադրիչի ներառումը ոչ միայն բնագիտական, այլև տարբեր մասնագիտական ուղղվածության կրթական ծրագրերում՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել մասնագիտությունների առանձնահատկություններին համապատասխան դասընթացներ և գտնել էկոլոգիական կրթությունը տարբեր ոլորտներում արդյունավետ ինտեգրելու մեխանիզմներ։
Անդրադառնալով դպրոցների հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել հանրակրթական հաստատություններում առկա խնդիրները, բացահայտել ուսուցիչների մասնագիտական կարիքները, մշակել վերապատրաստման և լրացուցիչ կրթության ծրագրեր։