Ակադեմիական և հետազոտական համագործակցություն՝ ՀՊՄՀ-ի և Պորտուի պոլիտեխնիկական ինստիտուտի միջև

05.11.2026
Ակադեմիական և հետազոտական համագործակցություն՝ ՀՊՄՀ-ի և Պորտուի պոլիտեխնիկական ինստիտուտի միջև

Հոկտեմբերի 26-30-ը Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն աշխատանքային այցով հյուրընկալվեց Պորտուի պոլիտեխնիկական ինստիտուտում։

 

Այցի ընթացքում Ռիտա Գևորգյանը ռազմավարական կառավարման հիմնահարցերի վերաբերյալ դասախոսությունների շարք անցկացրեց բակալավրիատի,  ինչպես նաև  «Կրթական հաստատությունների կառավարում» բաժնի  մագիստրատուրայի ուսանողների համար։

 

Այցի շրջանակներում կայացան մի շարք մասնագիտական քննարկումներ՝ հյուրընկալող համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ուսուցիչների աշխատանքները համակարգող պրոֆեսոր Կարինա Կոելյոյի հետ քննարկվեցին վերլուծական գործիքների կիրառմամբ հաշվետվությունների ներկայացման ժամանակակից տեխնոլոգիաները։ Ծրագրի համակարգող պրոֆեսոր Պաուլո Դելգադոյի հետ դիտարկվեցին ծրագրերի բենչմարքինգի հիման վրա համատեղ կրթական ծրագրերի մշակման հնարավորությունները։

 

Այցի ընթացքում   պրոֆեսոր Մարիա Ինես Պինյոյի հետ մշակվեցին բակալավրիատի շարժունության համատեքստում առաջարկվող դասախոսությունների հետագա թեմաները։ Բացի այդ, Կրթության հետազոտությունների և նորարարությունների կենտրոնում ֆակուլտետի փոխտնօրեն, կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Սիլվիա Բարրոսի հետ նախանշվեցին համատեղ հետազոտությունների իրականացման հիմնական ուղղությունները։

 

Քննարկումների արդյունքում երկու բուհերի միջև ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, մասնավորապես՝  նախատեսվում է ՀՊՄՀ «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի 3 ուսանողի ուսումնառություն Պորտուի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Պայմանավորվածություն  ձեռք բերվեց նաև ապահովել Պորտուի համալսարանի գործընկերների առցանց մասնակցությունը ՀՊՄՀ ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությանը։ Երկուստեք կարևորվեց նաև հետազոտական համագործակցության ընդլայնումը՝ բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական ամսագրերում համատեղ հոդվածների հրապարակման միջոցով։

 

Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանը  կարևորեց  աշխատանքային այցը, ինչը, ըստ նրա,  նպաստեց ակադեմիական և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանն ու ամուր հիմք ստեղծեց կրթական երկու հաստատությունների միջև երկարաժամկետ համագործակցության համար։