Մանկավարժական համալսարանի 104-ամյա պատմությունը՝ մեկ ցուցադրությունում

05.11.2026
Մանկավարժական համալսարանի 104-ամյա պատմությունը՝ մեկ ցուցադրությունում

Նոյեմբերի 3-ից ՀՊՄՀ Պատմության թանգարանում գործում է համալսարանի հիմնադրման 104-ամյակին նվիրված ցուցահանդես։

Ցուցադրությունն ամփոփում է Մանկավարժական համալսարանի ստեղծման, կայացման և զարգացման կարևորագույն փուլերը՝ առաջին ուսումնական տարիներից մինչև ֆակուլտետների ձևավորում, գիտական կյանքի զարգացում, ասպիրանտուրայի հիմնադրում, հեռակա ուսուցման կազմակերպում և այլ նշանակալի իրադարձություններ։

Առանձնահատուկ անդրադարձ կա համալսարանի պատմության դժվարին ու հերոսական էջերին՝ Հայրենական մեծ պատերազմին, ազգային-ազատագրական շարժմանը և Արցախյան գոյամարտին, որոնց մասնակցել են համալսարանի ուսանողներն ու դասախոսները։

Ցուցադրության առանձին բաժին նվիրված է համալսարանի անվանակոչությանը։


Ցուցահանդեսում ներկայացված են Պատմության թանգարանի ֆոնդերում պահպանվող պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, ուսանողական փաստաթղթեր և արժեքավոր այլ ցուցանմուշներ։ Դրանք ոչ միայն վավերագրում են համալսարանի անցած ուղին, այլև հնարավորություն տալիս վերապրելու տարբեր ժամանակաշրջանների պատմական իրադարձություններն ու ծանոթանալու համալսարանական կյանքի ուշագրավ դրվագներին։

Ցուցադրությունը հարստացնում են նաև Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսորի պաշտոնակատար Աշոտ Բաբախանյանի անձնական հավաքածուից ներկայացված նամականիշերը։ Դրանք բացահայտում են համալսարանի գիտակրթական կյանքի և Խաչատուր Աբովյանի անվան հետ առնչվող հետաքրքիր պատմական դրվագներ։


«Համալսարանի 104-ամյա պատմությունը սոսկ անցած տարիների ժամանակագրություն չէ։ Այն մանկավարժական մտքի զարգացման, գիտելիքի փոխանցման, հայրենանվեր ծառայության, ստեղծագործական որոնումների և կրթության նվիրյալների կյանքի ու գործունեության պատմություն է»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը հրավիրում է այցելուներին ճանաչելու և արժևորելու Մանկավարժական համալսարանի հարուստ պատմական ժառանգությունը, պահպանելու պատմական հիշողությունը և գիտակցելու, որ յուրաքանչյուր սերունդ շարունակում է նախորդների կերտած կրթական ավանդույթները՝ իր ներդրումն ունենալով համալսարանի ապագայի ձևավորման գործում։

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 3-ը։