Քննարկվեցին ամբիոնների գործունեության առաջնահերթությունները
05.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպեց Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության, ինչպես նաև Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնների աշխատակազմերի հետ։
Քննարկումների առանցքում իրականացվող կրթական գործընթացն էր, գործող կրթական ծրագրերն ու դասավանդվող առարկաները, դրանց բովանդակային համապատասխանությունը կրթական նպատակներին, ինչպես նաև կամընտրական դասընթացների արդյունավետությունը։ Անդրադարձան միջազգային համագործակցությանը, դրա արդյունքներին և ամբիոնների գիտական գործունեությանը։
Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ամբիոնի գործունեության հիմնական ուղղությունները։
Արաքսիա Սվաջյանը, կարևորելով կրթության առաջնային դերը համալսարանի գործունեության մեջ, նշեց՝ աշխարհում կրթության փիլիսոփայության և մոտեցումների շարունակական փոփոխությունները պահանջում են նոր լուծումներ։ Նրա խոսքով՝ միջազգային լավագույն փորձը պետք է տեղայնացնել՝ հաշվի առնելով մեր երկրի կրթական համակարգի առանձնահատկություններն ու ուսուցչի մասնագիտական գործունեության պահանջները։
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանն էլ անդրադարձավ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին, դրամաշնորհային նախաձեռնություններին, ապագայում նեյրոկրթության նշանակությանը և համապատասխան դասընթացների կազմակերպմանն ու ներդրման անհրաժեշտությանը։
Արաքսիա Սվաջյանն ընդգծեց ամբիոնի հետազոտական գործունեության մանկավարժական ուղղվածության և կրթական գործընթացի հետ կապի ամրապնդման անհրաժեշտությունը։ Կարևորվեց նաև հետազոտությունների արդյունքների կիրառումը համալսարանական կրթության որակի բարելավման, դասավանդման մեթոդների կատարելագործման և ուսումնական գործընթացում առկա խնդիրների լուծման նպատակով։
Նա կարևորեց նաև միջառարկայական հետազոտությունների իրականացումը՝ ինչպես համալսարանի տարբեր ստորաբաժանումների, այնպես էլ այլ բուհերի հետ համագործակցությամբ։