Կրթական ծրագրերի արդիականացումից մինչև Սփյուռքի հետ համագործակցություն

05.11.2026
Կրթական ծրագրերի արդիականացումից մինչև Սփյուռքի հետ համագործակցություն

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը հանդիպում ունեցավ նաև Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Անդրադառնալով կրթական գործընթացին՝ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նշեց, որ պարբերաբար վերանայվում և արդիականացվում են գործնական պարապմունքների ծրագրերը, թարմացվում դասավանդվող առարկաների փաթեթները։

Նա ներկայացրեց նաև ֆակուլտետի միջազգային կրթական փորձը՝ նշելով, որ տարիներ շարունակ ունեցել են նաև սփյուռքահայ, օտարերկրյա ուսանողներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆակուլտետի զարգացման հեռանկարները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Հանդիպման առանցքային թեմաներից էր հայագիտության զարգացումն ու ֆակուլտետի կապերի ամրապնդումը Սփյուռքի հետ։ Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց Սփյուռքում հայերենի ուսուցման և տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընդլայնումը՝ ընդգծելով, որ համագործակցությունը Սփյուռքի կրթական հաստատությունների, մասնավորապես՝ հայկական դպրոցների հետ, պետք է լինի համակարգված, նպատակային և շարունակական։

Նա շեշտեց, որ Մանկավարժական համալսարանը պետք է նշանակալի դերակատարություն ունենա Սփյուռքում դասավանդվող առարկաների, հատկապես հայերենի դասավանդման որակի բարելավման գործում՝ դառնալով այդ կարևոր առաքելությունն իրականացնող մասնագիտական և մեթոդական կենտրոն։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև կրթական ծրագրերի բովանդակության և կրթության կազմակերպման որակի բարձրացման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթական ծրագրերը պետք է պարբերաբար վերանայվեն և համապատասխանեցվեն հանրակրթական դպրոցի արդի պահանջներին։

Արաքսիա Սվաջյանը կարևորեց մասնագիտական դասընթացներում գործնական բաղադրիչի ուժեղացումը, պահանջված և արդյունավետ կամընտրական ու միջոլորտային դասընթացների ներդրումը։ Առանձնահատուկ կարևորվեց մանկավարժական պրակտիկայի կազմակերպման ձևաչափը, դրա բովանդակությունն ու ուսանողներին ներկայացվող պահանջները։

Անդրադառնալով ավարտական և մագիստրոսական աշխատանքներին՝ Արաքսիա Սվաջյանը շեշտեց դրանց հետազոտական ուղղվածության կարևորությունը, նաև արհեստական բանականության գործիքների կիրառման էթիկական ուղեցույցի մշակումը։