Կանաչ և թվային կրթությունը՝ դասարանում

06.11.2026
Կանաչ և թվային կրթությունը՝ դասարանում

ՀՊՄՀ-ում  անցկացվեց «Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման»՝ T4GREEN ծրագրի արդյունքների տարածման համաժողովը։

 

Ձեռնարկը միտված էր  ծրագրի շրջանակում ձևավորված փորձի ներկայացմանը և տարբեր առարկաների դասավանդման մեջ կայուն զարգացման, թվային ու ներառական մոտեցումների կիրառմանը։

 

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի համաֆինանսավորմամբ և ՀՊՄՀ համակարգմամբ իրականացվող T4GREEN-ը միավորում է Հայաստանի, Մոլդովայի, Պորտուգալիայի, Չեխիայի և Իսպանիայի 13 գործընկեր կազմակերպությունների։

 

Ծրագրի նպատակն է արդիականացնել մանկավարժական կրթությունը՝ զարգացնելով ապագա և գործող ուսուցիչների՝ կանաչ ու թվային անցմանն անհրաժեշտ կարողությունները։

 

Համաժողովի ընթացքում ծրագրի համակարգող, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակից Ռաիսա Ավետյանը ներկայացրեց  T4GREEN-ի նպատակները, իրականացված աշխատանքներն ու հիմնական արդյունքները։ Անդրադարձավ գործընկեր հաստատությունների աշխատակիցների կարողությունների զարգացմանը, մանկավարժական կրթության ազգային հայեցակարգերի մշակմանը, ինչպես նաև բակալավրական, մագիստրոսական և կրեդիտներ շնորհող կարճաժամկետ կրթական ծրագրերի վերանայմանն ու փորձարկմանը։ ՀՊՄՀ-ում այդ աշխատանքներն ընդգրկել են «Անգլերեն և գրականություն», «Ինֆորմատիկա» և «Լոգոպեդիա» կրթական ծրագրերը։

 

Համաժողովի տեսական հատվածում ներկայացվեց կանաչ և թվային կրթության հիմնական գաղափարները, դրանց փոխկապակցվածությունն ու կիրառման հնարավորությունները տարբեր առարկաների շրջանակում։ Քննարկումների առանցքում այն մոտեցումն էր, որ կայուն զարգացման կրթությունը կարող է ներառվել ամենօրյա դասավանդման մեջ՝ սովորողներին ներգրավելով իրական խնդիրների ուսումնասիրության, տվյալների հավաքագրման, լուծումների առաջարկման և դրանց արդյունքների գնահատման աշխատանքներում։

 

Մասնակիցներին ներկայացվեցին նաև կայունության կարողունակությունների եվրոպական GreenComp և կրթողների թվային կարողունակությունների DigCompEdu շրջանակները։ Անդրադարձան համակարգային և  քննադատական մտածողության զարգացմանը, պատասխանատու վարքագծի ձևավորմանն ու  ուսումնական նպատակներին համապատասխան թվային գործիքների ընտրությանը։

 

Կանաչ և թվային մոտեցումների համադրումը ներառական կրթության սկզբունքների վերաբերյալ ներկայացրեց ծրագրի հետազոտող, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս Սուսաննա Մուրադյանը։ Գործնական օրինակներով նա անդրադարձավ դասարանում թղթի և էլեկտրաէներգիայի խնայողությանը, նյութերի վերօգտագործմանը և այդ աշխատանքներում յուրաքանչյուր սովորողի մասնակցության ապահովմանը։ Կարևորվեց ուսումնառության համընդհանուր ձևավորումը, մատչելի թվային նյութերի պատրաստումը, ինչպես նաև առաջադրանքների կատարման ու արդյունքների ներկայացման տարբեր եղանակների կիրառումը։

 

«Կրթական ծրագրից դեպի դասարան» թեմատիկ հատվածն էլ ներկայացրեց ծրագրի հետազոտող, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։ Նա խոսեց կանաչ և թվային մոտեցումները կոնկրետ ուսումնական առաջադրանքների վերածելու հնարավորությունների մասին՝ ներկայացնելով նախագծային և հետազոտահեն ուսումնառության, բնապահպանական թեմաներով մեդիանյութերի քննադատական վերլուծության ու թվային համագործակցային գործիքների կիրառման օրինակներ։ Քննարկվեցին դպրոցի ռեսուրսների օգտագործման, թափոնների կառավարման, պատասխանատու սպառման և տեղական բնապահպանական խնդիրների շուրջ ուսումնական աշխատանքների կազմակերպման հնարավորությունները։

 

Համաժողովի գործնական հատվածը կազմակերպվեց թեմատիկ խմբային աշխատանքի ձևաչափով։ Աշխատանքներն ուղղված էին կայուն զարգացման սկզբունքները ներառող դասի պլանի, թվային և ներառական դասի, կանաչ ու թվային մոտեցումները համադրող դասարանային առաջադրանքի կամ սովորողների երկարաժամկետ նախագծի մշակմանը։  Այն  հնարավորություն տվեց ներկայացված գաղափարները կապել տարբեր առարկաների բովանդակության և դպրոցական առօրյայի հետ։