ՀՊՄՀ-ում էր դոկտոր Արտա Ճեպեճյանը
06.11.2026
ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալել էր Քուվեյթի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ընկերալեզվաբանության դոկտոր Արտա Ճեպեճյանին։ Հանդիպման առանցքում հայերենի արևմտյան ճյուղի արդի վիճակի, կենսունակության, խոցելիության և պահպանության հիմնախնդիրներն էին:
Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը կարևորեց նմանօրինակ գիտական հանդիպումների դերը համալսարանական միջավայրում՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև աշխարհաճանաչողության ընդլայնման, նոր հարցադրումների և մասնագիտական հետաքրքրությունների ձևավորման կարևոր հարթակ են:
«Նման դասախոսությունները մեր առօրյայի մեջ փոփոխություններ են բերում, հնարավորություն տալիս դուրս գալու սովորական պատկերացումների շրջանակից և աշխարհն ավելի խորությամբ ճանաչելու»,- նշեց Քնարիկ Աբրահամյանը՝ կարևորելով նաև ուսանողների անմիջական մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը:
Արտա Ճեպեճյանը հանդես եկավ «Կեցի՛ր, այդ բառը ինչպէ՞ս կ'ըսես. Սփիւռքի խօսակցական լեզուի խոցելիութիւնն ու կենսունակութիւնը» խորագրով դասախոսությամբ:
Բանախոսը ներկայացրեց ընկերալեզվաբանության` որպես լեզվի և հասարակության փոխհարաբերություններն ուսումնասիրող գիտա֊կարգի հիմնական դրույթները, անդրադարձավ լեզվական բազմազանությանը, լեզուների գործածության սոցիալական միջավայրին, ինչպես նաև հասարակական, պատմական և մշակութային գործոնների ազդեցությանը լեզվի զարգացման ու փոփոխության գործընթացներում:
Առանձնակի ուշադրություն դարձվեց լեզուների անհետացման վտանգին: Քննարկվեցին լեզվի սերնդեսերունդ փոխանցման խաթարումը, առօրյա հաղորդակցության մեջ դրա գործածության նվազումը, գերիշխող լեզուների ազդեցությունը և լեզվական միջավայրի փոփոխությունները: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վտանգված լեզուների դասակարգմանը` ըստ դրանց խոցելիության և անհետացման վտանգի աստիճանի:
Դասախոսության առանցքային թեման արևմտահայերենի ներկա վիճակն էր:
Հատկանշական էր, որ հանդիպումը չսահմանափակվեց միայն տեսական նյութի ներկայացմամբ: Այն վերածվեց ակտիվ և փոխներգործուն քննարկման, որի ընթացքում հնչեցին նաև արևմտահայերենի պահպանությանն ու կենսունակության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Հանդիպման ավարտին իրենց դիտարկումներով հանդես եկան Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» կենտրոնի գիտական աշխատող պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու Բանասիրական ֆակուլտետի փոխդեկան, ամբիոնի դոցենտ Նաիրա Խաչատրյանը՝ կարևորելով արևմտահայերենի դերն ու նշանակությունը հայոց լեզվի ամբողջականության, ազգային ինքնության և սփյուռքահայության մշակութային ժառանգության պահպանման գործում, ընդգծելով նման հանդիպումների նշանակությունը հատկապես ապագա բանասերների մասնագիտական աշխարհայացքի ձևավորման համար:
Վերջին հրապարակումներ
-
06.11.2026
Էրազմուսյան անկյուն՝ ՀՊՄՀ-ում -
06.11.2026
Կանաչ և թվային կրթությունը՝ դասարանում