Էրազմուսյան անկյուն՝ ՀՊՄՀ-ում

06.11.2026
Էրազմուսյան անկյուն՝ ՀՊՄՀ-ում

«Erasmus Alumni Talk. Դեպի ո՞ւր է տանում միջազգային փորձը» խորագրով Էրազմուս+ տեղեկատվական օրերի շրջանակում Մանկավարժականում պաշտոնապես բացվեց «Էրազմուսյան անկյուն»։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն ընդգծեց միջազգային շարժունության կարևորությունը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման, այլև աշխարհայացքի ընդլայնման, անձնային աճի ու միջմշակութային հաղորդակցության փորձառություն։

Նրա խոսքով՝ միջազգայնացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, հատկապես Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող շարժունության ծրագրերը, մեծ հնարավորություններ են ընձեռում ինչպես ուսանողներին, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմին։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև միջազգային շարժունության ծրագրերին իր մասնակցության փորձին՝ ընդգծելով․ որ նոր միջավայրում հայտնվելը, կրթության կազմակերպման այլ փորձին ծանոթանալը հնարավորություն է տալիս ընդլայնելու աշխարհի մասին պատկերացումները։
Նա կարևորեց նաև ՀՊՄՀ-ի՝ միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ համալսարանն ունի մի շարք գործընկեր բուհեր, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ և փոխադարձ շարժունության ծրագրերի զարգացմամբ։

Արաքսիա Սվաջյանն ուսանողներին հորդորեց ակտիվորեն օգտվել ընձեռված հնարավորություններից և համալսարանական տարիները դարձնել մասնագիտական և անձնային աճի կարևոր փուլ։ Վստահեցրեց՝ համալսարանն իր հերթին հետևողական աշխատանքներ կտանի ուսանողների մասնակցությանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը․ «Համալսարանը պետք է ձևավորի ոչ միայն մասնագիտական գիտելիքներով զինված, այլև լայն աշխարհայացք, զարգացած անձնային և հաղորդակցական կարողություններ ունեցող սերունդ, որն ապագայում կարող է նոր որակ հաղորդել դպրոցին և կրթական համակարգին»,-նշեց նա։

Էրազմուս+ ազգային գրասենյակի նախագծերի մենեջեր Նաիրա Ստեփանյանը միջոցառմանը ներկայացրեց միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասնակցության կարգը, ֆինանսավորման պայմանները, շարժունության տեսակներն ու տևողությունը, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար հասանելի հնարավորությունները։

Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը անդրադարձավ Էրազմուս+ ծրագրի շրջանակում ուսանողական շարժունության հնարավորություններին, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության աշխարհագրությանը՝ ներկայացնելով գործընկեր երկրների հետ համագործակցության ուղղությունները։

Միջոցառումը շարունակվեց Էրազմուս+ ծրագրին մասնակցած դասախոսների և շրջանավարտների պանելային քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները կիսվեցին միջազգային կրթական միջավայրում ձեռք բերած իրենց փորձով։

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։