Լալիկ Խաչատրյանի մեծությունը նրա թողած ժառանգության մեջ է
08.11.2026
Գավառի երկրագիտական թանգարանում ՀՊՄՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, անվանի լեզվաբան և հայագետ Լալիկ Խաչատրյանի ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ։ Այն գիտնականի հիշատակի, նրա վաստակի արժևորման և երախտագիտության յուրահատուկ տուրք էր՝ մեկտեղելով նրա հարազատներին, գործընկերներին, գիտնականների, գրողների, կրթության և մշակույթի ներկայացուցիչների, հայրենակիցներին։
Միջոցառման ընթացքում թանգարանում բացվեց Լալիկ Խաչատրյանի կյանքն ու գիտական գործունեությունն ամփոփող մշտական անկյուն։ Այստեղ ներկայացված էին գիտնականի տասնյակ մենագրություններ, բառարաններ, գիտամեթոդական ձեռնարկներ, պարգևներ ու մրցանակներ, ինչպես նաև անձնական արխիվից նյութեր։ Դրանց թվում են «Ֆրիտյոֆ Նանսեն», «Խաչատուր Աբովյան», «Մեսրոպ Մաշտոց», «Մայրենիի դեսպան» մեդալները, ԿԳ նախարարության ոսկե մեդալը, Թեքեյան մշակութային միության մրցանակը, «Մովսես Խորենացի» մեդալը և այլ պարգևներ։
Ներկաները դիտեցին ֆիլմ` ներկայացնող Լալիկ Խաչատրյանի կենսագրությունը՝ մանկությունից, ուսանողական տարիներից մինչև գիտական և մանկավարժական գործունեություն։
1982 թվականից Լալիկ Խաչատրյանի մասնագիտական ուղին կապված էր Մանկավարժական համալսարանի հետ՝ դասախոսից մինչև ամբիոնի վարիչ և Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի վարիչ։ Գիտական ճանապարհը շարունակել է մինչև բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանի ուղերձը ներկայացրեց Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը։ Ուղերձում ընդգծվում էր գիտնականի անուրանալի ներդրումը լեզվաբանության, բառարանագրության, կրթության և հայապահպանության գործում, ինչպես նաև նրա գիտամանկավարժական ժառանգության շարունակական նշանակությունը։
«Դժվար է նրա մասին անցյալով խոսել, առավել ևս՝ ամփոփ ներկայացնել այն գիտական ժառանգությունը, որ նա թողել է եկող սերունդներին»,- նշված էր ռեկտորի ուղերձում։
Աշոտ Գալստյանն ընդգծեց նաև, որ Լալիկ Խաչատրյանը մշտապես սպասված դասախոս էր՝ իր գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և ուսանողների հանդեպ ունեցած վերաբերմունքով։
Վաստակաշատ գիտնականի գործունեությունն ու մարդկային նկարագիրը արժևորեցին նրա գործընկերներն ու ընկերները։ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով իրենց երկարամյա գիտական համագործակցությանը, Լալիկ Խաչատրյանին բնութագրեց որպես պրպտուն, գիտության մեջ հետևողական և բացառիկ աշխատասեր անհատականություն՝ ընդգծելով նաև նրա սերը գրքի ու գիտական բանավեճի հանդեպ։
«Նա օրինակելի էր գիտության ասպարեզում, բացառիկ օրինակելի՝ ընտանիքում, միաժամանակ բացառիկ գրադարանասեր էր»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը։
«Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը ներկայացրեց գիտնականի մասնագիտական հետաքրքրությունների լայն շրջանակը՝ ընդգծելով նրա բացառիկ ներդրումը լեզուների համեմատական ուսումնասիրության մեջ։
Գրող, հրապարակախոս, գիտնականի համակուրսեցի և 57 տարվա ընկեր Վրեժ Սարուխանյանն առանձնահատուկ հուզմունքով խոսեց նրա գիտական ժառանգության մասին՝ նշելով, որ թանգարանում բացված անկյունը նոր արժեք է հաղորդում հայրենի քաղաքի պատմական հիշողությանը։
«Եթե մինչև հիմա Գավառը նրա հպարտությունն էր, այսուհետ նա է Գավառի հպարտությունը»,- ընդգծեց Վրեժ Սարուխանյանը՝ արժևորելով հատկապես Լալիկ Խաչատրյանի բառարանագրական մեծ վաստակը։
Գավառի № 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալիտա Գասպարյանն իր խոսքում կարևորեց այն փաստը, որ գիտնականի ճանապարհը սկսվել է հենց իրենց կրթօջախից։ Նա ընդգծեց դպրոցական համայնքի պատասխանատվությունը՝ պահպանելու նրա արխիվային նյութերը և գիտական ժառանգությունը հասանելի դարձնելու նոր սերունդներին։
Գիտնականի վաստակն արժևորեց նաև Գավառի պետական համալսարանի հասարակագիտության ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը՝ նշելով, որ Լալիկ Խաչատրյանի ներկայությունն այնքան ցանկալի էր, իսկ բացակայությունն այսօր՝ ցավոտ։
Թանգարանի ավագ գիտաշխատող Մարինե Սեֆիլյանն ու տնօրեն Մարիաննա Մուսոյանը վստահեցրին, որ գիտնականի անձնական արխիվն ու գիտական ժառանգությունը կպահպանվեն և կշարունակեն ծառայել լեզվին, կրթությանն ու պատմական հիշողությանը։
Իր երախտագիտության խոսքը հղեց նաև գիտնականի կինը՝ Մարգուշ Միրումյանը։
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին «Ակունք» պետական ազգագրական համույթի մենակատարներ Գրիգոր Պալագյոզյանի և Հերիքնազ Պոլոյանի կատարումները՝ ընտրված գիտնականի սիրելի երգացանկից։ Հանդիպումն ավարտվեց Մարգուշ Միրումյանի խոսքերով և երաժշտության հեղինակ Հերիքնազ Պոլոյանի ստեղծված «Վերջալույսի արև» երգով։
Վերջին հրապարակումներ
-
06.11.2026
Էրազմուսյան անկյուն՝ ՀՊՄՀ-ում -
06.11.2026
ՀՊՄՀ-ում էր դոկտոր Արտա Ճեպեճյանը