Դեպի կանաչ և թվային կրթություն․ՀՊՄՀ-ում ամփոփվեց T4GREEN ծրագիրը
09.11.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ ԵՄ Էրազմուս+-ի «Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման» (T4GREEN) ծրագրի ամփոփիչ համաժողովը։
ՀՊՄՀ-ի համակարգմամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող եռամյա ծրագրի նպատակն է նպաստել մանկավարժական կրթության արդիականացմանը՝ այն համապատասխանեցնելով կրթության ոլորտի նոր պահանջներին, աջակցել կանաչ և թվային կրթության վերափոխմանը, ինչպես նաև խթանել դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդների ներդրումը։
Ծրագրում ընդգրկված է 13 գործընկեր կազմակերպություն՝ Հայաստանից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Չեխիայից և Իսպանիայից։ Կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներին մասնակցել է Հայաստանի և Մոլդովայի հինգ համալսարան։
Համաժողովը նվիրված էր երկու երկրներում մանկավարժական կրթության բարեփոխումների արդյունքներին, կրթական ծրագրերի արդիականացմանը, դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու մանկավարժական կրթության ազգային քաղաքականության մշակմանը։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց T4GREEN ծրագրի ընթացքն ու հիմնական առաջնահերթությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանի և Մոլդովայի մանկավարժական կրթության 2027–2035 թվականների ազգային հայեցակարգերի նախագծերի մշակումը, ինչպես նաև բուհերի բակալավրի, մագիստրոսի և կարճաժամկետ կրեդիտային կրթական ծրագրերի վերանայումն ու փորձարկումը։
Նրա խոսքով՝ արդիականացված կրթական ծրագրերում ներառված կայուն զարգացման, թվային տեխնոլոգիաների կիրառման և ներառական կրթության բաղադրիչները կարևոր նշանակություն ունեն ժամանակակից կրթական համակարգի ձևավորման և ապագա ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության համար։
Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ հատկապես կարևոր է, որ ապագա ուսուցիչները յուրաքանչյուր առարկայի և թեմայի դասավանդման ընթացքում անդրադառնան կանաչ կրթության հիմնահարցերին․«Մեր մոլորակն այսօր այն վիճակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր ազդեցությունը դրա պահպանության վրա։ Հետևաբար, խիստ կարևոր է, որ ապագա ուսուցիչները պատրաստ լինեն այս գաղափարները փոխանցելու նաև իրենց աշակերտներին։ Մյուս կարևոր ուղղությունը թվային կրթությունն է, որն այսօր կրթական համակարգի առանցքային մարտահրավերներից է»,- նշեց Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ուսուցիչներ պատրաստող կրթական ծրագրերում ներառել այս կարևոր բաղադրիչները։
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Մարիաննա Սարգսյանը։
Ծրագրի ընթացքն ու հիմնական արդյունքները ներկայացրեց ծրագրի համակարգող Ռաիսա Ավետյանը։ Նա անդրադարձավ իրականացված աշխատանքների հաջորդականությանը՝ մանկավարժական կրթության առկա վիճակի և կարիքների ուսումնասիրությունից մինչև կրթական ծրագրերի վերանայումն ու փորձարկումը։ Գործընթացում ներգրավված են եղել բուհերի դասախոսներ, ուսանողներ և եվրոպացի փորձագետներ։
Համաժողովում քննարկվեցին Հայաստանի և Մոլդովայի մանկավարժական կրթության 2027–2035 թվականների ազգային հայեցակարգերի նախագծերը։ Հայեցակարգերի մշակման ընթացքը, ուսուցչական համայնքի մասնակցությամբ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ընթացիկ կարգավիճակն ու իրականացման ճանապարհային քարտեզը ներկայացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մոլդովայի կրթության և հետազոտությունների նախարարության ներկայացուցիչները։
Այնուհետև հինգ գործընկեր բուհերի ներկայացուցիչները ներկայացրին վերանայված և փորձարկված մանկավարժական կրթական ծրագրերը, աշխատանքային փաթեթներն ու ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը։
Համաժողովի շրջանակում կայացավ նաև «Երեք տարի անց․ ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում կանաչ և թվային կրթությունը» խորագրով քննարկումը։
ՀՊՄՀ-ում բացվեց նաև ծրագրի շրջանակում ձեռք բերված սարքավորումներով կահավորված նոր ուսումնական լսարան։ Այն T4GREEN ծրագրի աջակցությամբ ստեղծված արդեն երրորդ լսարանն է և կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ուսումնական գործընթացի բարելավմանն ու թվային կրթական միջավայրի զարգացմանը։
«T4GREEN Gallery» ցուցադրությանն էլ որտեղ ներկայացված էին կրթական ծրագրերի փորձարկման ընթացքում մշակած ՀՊՄՀ ուսանողների աշխատանքները։ Դրանց թվում էին թղթի օգտագործումը նվազեցնող դասարանային նախագծեր և թվային ուսումնական ռեսուրսներ։