ՀՊՄՀ-ն մասնակցեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2026»-ին
09.11.2026
Նոյեմբերի 5–8-ը Երևանում անցկացվեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2026»-ը։ Այն կազմակերպել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Գագաթնաժողովին մասնակցեցին Հայաստանից և Սփյուռքից տարբեր ոլորտների մասնագետներ, կրթական, գիտական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի նպատակն էր զարգացնել Հայաստան–Սփյուռք գործակցությունը, քննարկել ազգային մարտահրավերները և համախմբել տարբեր ոլորտների մասնագիտական ներուժը։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը գագաթնաժողովում ներկայացված էր ի դեմս «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Միջազգային համագործակցությունների և ծրագրերի կառավարման կենտրոնի։
Գագաթնաժողովի ցուցահանդեսային հատվածում ՀՊՄՀ-ն ուներ իր տաղավարը, որտեղ ներկայացված էին համալսարանի հրատարակությունները, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գրքերը՝ նվիրված արևմտահայ գրականությանն ու սփյուռքահայ գրողների ժառանգությանը։ Այցելուներին բաժանվում էին նաև համալսարանը ներկայացնող տեղեկատվական գրքույկներ։
Տաղավարում համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանից և Սփյուռքից ժամանած մասնակիցների հետ։ Նրանց ներկայացրին ՀՊՄՀ կրթական ծրագրերը, սփյուռքահայ ուսանողների համար առկա հնարավորությունները և համագործակցության հեռանկարները։
ՀՊՄՀ պատվիրակությունը մասնակցեց նաև գագաթնաժողովի լիագումար նիստերին, այդ թվում՝ նոյեմբերի 7-ին կայացած «Սփյուռքյան համայնքների և Հայաստանի միջև կապերի ամրապնդում» թեմայով քննարկմանը։
Գագաթնաժողովին մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց ՀՊՄՀ-ի դերը Հայաստան–Սփյուռք գիտակրթական կապերի ամրապնդման գործում։ Համալսարանը պատրաստ է գագաթնաժողովում սկսված երկխոսությունը վերածել կոնկրետ համատեղ նախաձեռնությունների։
Հարկ է նշել, որ ՀՊՄՀ-ն տարեցտարի ավելի գրավիչ է դառնում Սփյուռքի երիտասարդների համար։ 2026 թվականին համալսարան դիմած 109 օտարերկրյա դիմորդներից 74-ը սփյուռքահայեր էին։ Նրանցից 64-ն արդեն սովորում են ՀՊՄՀ-ում, որոնցից 27-ը՝ պետական պատվերով՝ սփյուռքահայերի համար նախատեսված տեղերում։