Մասնագետների շարունակական զարգացումից մինչև աջակցության կենտրոնի ստեղծում
09.11.2026
Մանկավարժական համալսարանում շարունակվում են ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանի հանդիպումները բուհի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ հանդիպմանը դեկան Լիդա Արամյանը ներկայացնելով ֆակուլտետը` առանձնացրեց զարգացման հինգ առաջնահերթությունները՝ կրթության որակի շարունակական բարելավում, հետազոտությունների զարգացում, միջազգայնացում, արտաքին կապերի ընդլայնում, ինչպես նաև թափանցիկ, տվյալահեն և մասնակցային կառավարում։ Նա մանրամասնեց նաև զարգացման ծրագրի իրականացման փուլերն ու դրանց քարտեզագրման գործընթացը։
Արաքսիա Սվաջյանն ընդգծեց ֆակուլտետի կարևոր դերակատարումը ոչ միայն կրթության հոգեբանության և հարակից ոլորտների մասնագետների պատրաստման, այլև նրանց շարունակական մասնագիտական զարգացման գործում։
Անդրադառնալով ոլորտի մարտահրավերներին՝ նա նշեց, որ կրթության հոգեբանության և մանկավարժահոգեբանական աջակցության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման գործում համալսարանը կարող է ունենալ էական դերակատարում։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է վերանայել մասնագետների պատրաստման և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունները՝ դրանք համապատասխանեցնելով ոլորտի արդի պահանջներին։ Այս համատեքստում կարևորվեց նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողների մասնագիտական զարգացման գործընթացին համալսարանի մասնակցությունը։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև ուսանողների գործնական պատրաստվածության բարձրացմանը՝ կարևորելով պրակտիկայի արդյունավետ կազմակերպումն ու դրա բովանդակային հագեցվածությունը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հետազոտական բաղադրիչին։ Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց նաև հետազոտական թեմաների նպատակային ընտրությունը, դրանց արդիականությունն ու կիրառական նշանակությունը։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև բուհում ուսանողների աջակցության կենտրոնի ստեղծմանը, հետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքների ձևավորմանը, լրացուցիչ կրթական ծրագրերի ու դասընթացների մշակման կարևորությանը։ Նա ընդգծեց նաև համալսարանի կառավարման գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը։